ԲՀԿ-ՀՀԿ. Գործա՞րք, թե՞ ընտրություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած կոնսուլտացիաները դեռևս շարունակվում են, ԲՀԿ-ականները հայտարարել են, որ առաջիկայում մեկնարկելու է դրանց երկրորդ փուլը: Առաջին փուլի ավարտից հետո բոլոր ուժերի հետ հանդիպումները` ըստ ԲՀԿ-ի և համապատասխան ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչների, անցել են «կառուցողական մթնոլորտում»: Միաժամանակ՝ բոլոր կողմերը հայտարարել են, որ դեռևս նախագահի թեկնածուի հարց չեն քննարկել:
Եթե ընդհանրացնենք իրավիճակը, այսօր առկա է հետևյալ պատկերը: ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին մասնակցած բոլոր ուժերը, այսինքն` հիմնական քաղաքական դերակատարները, բացառությամբ՝ ՀՀԿ-ի, համաձայն են խորհրդարանական կառավարման համակարգին ու 100 տոկոսանոց ընտրակարգին, հանդիպել են իրար հետ, նախագահի թեկնածուի հարց չեն քննարկել, սակայն «ընդհանրություններ» են գտել: Ուրեմն, ո՞ր հարցում կարող են լինել այդ ընդհանրությունները:
Իրականում ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաների արդյունքում առաջացած «միասնական ճակատն» ընտրություններում կարող է ծառայել շատ կարևոր նպատակի, որի մասին մինչ այժմ խորհրդակցող կողմերից որևէ մեկը չի բարձրաձայնել: Խոսքը բուն ընտրական գործընթացի, հենց ընտրությունների օրվան վերաբերող կարևորագույն մի դետալի, մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովների մասին է: Տեղամասային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ), որտեղ, ըստ էության, որոշվում են ընտրությունների արդյունքները, բաղկացած են 8 անդամից:
Դրանցից 6-ին նշանակում են խորհրդարանական խմբակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Մյուս երկու անդամները, տարբեր կառույցների անվան տակ, ըստ էության, նշանակվում են նախագահականից, այսինքն` իշխանության քվոտայի շրջանակներում են: Այսինքն` ՏԸՀ-ներում ՀՀԿ-ն, ՕԵԿ-ի հետ միասին, կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ:
Ակնհայտ է, որ եթե մնացած 4 անդամները կարողանան միասնաբար հանդես գալ, իշխանության համար ընտրական գործընթացը կարող է չափազանց լուրջ խնդիր դառնալ: Այսինքն` եթե ԲՀԿ-ն կարողանա կոնսուլտացիաների արդյունքում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ ընդհանուր հայտարարի գալ ՏԸՀ-ների անդամների «միասնական համակարգման» հարցում, ապա գործող նախագահ Սերժ Սարգսյանի «հանգիստ վերընտրության» հարցը կարող է զգալիորեն բարդանալ:
Բանն այն է, որ 4 անդամ ունենալու պարագայում իշխանությունը չի կարողանա նույնիսկ ՏԸՀ նախագահ կամ քարտուղար ընտրել` առանց մյուս անդամների հետ փոխհամաձայնության կամ փոխզիջման:
Իհարկե, իշխանությունն ընտրություններում չի ապավինելու միայն բուն ընտրական տեղամասում կատարվող կեղծիքներին: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ դրանց արդյունքների վրա նշանակալի ազդեցություն են ունենում կեղծ անձնագրերը, որոնցով «շրջիկ խմբերը» բազմակի քվեարկություն են իրականացնում բազմաթիվ ընտրատեղամասերում: Այս գործընթացը կատարվում է տեղամասից դուրս, սակայն ակնհայտ է, որ եթե ԲՀԿ-ին ու մյուս ուժերին հաջողվի իսկապես համակարգել ՏԸՀ-ների աշխատանքը, բազմակի քվեարկությունների թիվը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա զգալիորեն կարող է նվազել:
Տարիներ շարունակ ԲՀԿ-ն մաս է կազմել ընտրակեղծարարության այդ համակարգին և, թերևս, ՀՀԿ-ից ոչ պակաս չափով տիրապետում է այդ գործընթացների բոլոր նրբություններին, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել դրանք:
Ընդ որում, այս հնարավորությունը ԲՀԿ-ի հետ այսօր համագործակցող մյուս ուժերին կարող է ձեռնտու լինել նաև այն իմաստով, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ժառանգությունը» բոլոր ընտրություններում լուրջ խնդիր են ունեցել ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում: Հայաստանում կա մոտ 2000 ընտրական տեղամաս, և նշված ուժերը ֆիզիկապես չեն կարողանում այդքան հուսալի անդամներ հավաքագրել: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կարող է լուծել նաև այդ խնդիրը` գումարած անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները:
Եթե ԲՀԿ-ն անկեղծ է իր հայտարարություններում և եթե, ի վերջո, թեկնածու առաջադրի, կամ սատարի Սերժ Սարգսյանից բացի՝ որևէ այլ թեկնածուի, վերը նշված սցենարը կարող է էապես նպաստել, այսպես կոչված, մրցակցային ընտրությունների անցկացմանը: Այդ դեպքում և՛ իշխանությունը, և՛ ոչ իշխանական թեկնածուն կհայտնվեն գրեթե հավասար պայմաններում: Իշխանությունն ունի անսահմանափակ փող և մարդկային ռեսուրսներ:
ԲՀԿ-ն ևս ունի գրեթե նույնքան ֆինանսական և մարդկային ռեսուրսներ: Իհարկե, իշխանությունը կարող է ազդել դրանց վրա, բայց որքան մոտենում են ընտրությունները, այդքան դրա հնարավորությունը նվազում է: Ընտրություններից առաջ ԲՀԿ-ի ֆինանսների ու անդամների նկատմամբ որևէ լուրջ ոտնձգություն որակվելու է՝ որպես քաղաքական հետապնդում` նպաստելով ԲՀԿ-ի վարկանիշի ավելացմանը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն կա՛մ սատարի Սերժ Սարգսյանին, կա՛մ պայմանավորվածության արդյունքում առաջադրի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը` «խաղաղ ընտրությունների արդյունքում Ս. Սարգսյանին շնորհավորելու» պայմանով, ապա «միասնական ճակատով» ընտրական հանձնաժողովների համակարգումը կնպաստի Հայաստանի «ամենաարդար, ամենաազատ ու թափանցիկ» ընտրությունների անցկացմանը: Արդյունքում` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ինչ-որ ձևով կկիսեն իշխանությունը, մնացած քաղաքական ուժերը` ֆինանսները, որ, ըստ ամենայնի, շռայլորեն կարող է բաշխել Գագիկ Ծառուկյանը` ընտրական հանձնաժողովների 2000-ական անդամների տեղերի դիմաց: