Կատարյալ է միայն Աստվածաշունչը. Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից առաջ նպատակահարմար չէ կատարել փոփոխություններ ընտրական օրենսգրքում:

Այսօր այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակության պահանջները՝ ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայի քննարկումից հետո: Նրա կարծիքով` անգամ ամենամեծ ցանկության դեպքում ընտրական օրենսգիրքը փոխելու համար ժամանակը չի բավականացնի:

«Փաստորեն, ներկայացվում են առաջարկներ, երբ առաջիկա համապետական ընտրությունների շեմին ենք, և բնականաբար խնդիր է առաջանում, թե որքանով է ճիշտ կամ որքանով է ողջամիտ փոխել խաղի կանոնները համապետական ընտրություններից առաջ»,- ասել է Մուկուչյանը:

Հարցին` ի՞նչ խաղի կանոնների մասին է խոսքը, Մուկուչյանը ասաց.

«Խաղի կանոնը չպետք է բացարձակ կերպով հասկանալ: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մասնակից, լինելով ընտրական գործընթացի մեջ, ունի որոշակի պարտականություններ, որոշակի իրավունքներ դրանց իրականացման համար: Այս ամենը սահմանված է ընտրական օրենսգրքով, և այս ամենը, մեկ բառով վերցրած, ես անվանեցի խաղի կանոն»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» ներկայացուցիչը քննարկման ժամանակ ներկայացրել է ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխման և այլ առաջարկություններ, որոնք, ըստ նրանց, անհրաժեշտ են հասարակության վստահությունը ընտրական գործըթացների նկատմամբ վերականգնելու համար: Հարցին` որքանո՞վ են ընդունելի Մուկուչյանի համար հնչեցված առաջարկությունները, նա պատասխանել է.

«Կան առաջարկներ, որոնք ընդհանրապես ոչ միայն ընկալելի չեն, այլ նաև ընդունելի չեն: Կան առաջարկներ, որոնք կարելի է համարել ընդունելի, բայց միայն ընկալելուց հետո, թե ինչ է փորձ արվում այդ առաջարկներով ներկայացնել: Կան առաջարկներ, որոնք, կարծում եմ, կարելի է նստել, քննարկել»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Հարցին` կատարյա՞լ է արդյոք Հայաստանի ընտրական օրենսգիրքը, Տիգրան Մուկուչյանը հետևյալ կերպ պատասխանել է.

«Կատարյալ աշխարհում միայն մեկ բան կա` դա Աստվածաշունչն է, իսկ ընտրական օրենսգիրքը դա ընտրական իրավունքի բնագավառին վերաբերող հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսդրական փաստաթուղթ է, օրենք, որը գտնվում է դինամիկայի մեջ»,- ասել է Տ. Մուկուչյանը:

galatv.am

Տեսանյութեր

Լրահոս