![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Ալավերդյանը առաջարկում է օրենսդրական փոփոխություններ՝ ստվերի դեմ պայքարելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Armen-Alaverdyan.jpg)
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր կառավարության նիստում նշել է, որ էկոնոմիկայի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտում ստվեր կա, դրա համար պետք է իրականացնեն ոչ միայն վարչարարական այլև օրենսդրական փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը։
Մինչ այդ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող ոլորտների հարկային վճարումների հաշվետվությունը: Տ. Դավթյանը տեղեկացրել է, որ 2012թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 10%-ի աճ, զբոսաշրջության ոլորտում` 8,5%-ի, ծառայությունների ոլորտում` 11%-ի աճ: «Ունենք նաև արտահանման առաջանցիկ տեմպեր` մեկին երեք հարաբերակցությամբ»,- ասել է նախարարը:
Տ.Դավթյանը նշել է, որ ընդհանուր առմամբ 10 ամիսների արդյունքներով տնտեսական զարգացումները դրական դինամիկա ունեն: Սոցվճարների մասով նույնպես դրական դինամիկա կա. «Դա պայմանավորված է հարկային մուտքերով, ընդհանուր տնտեսական աճով, նաև վարչարարության բարելավմամբ»: Նշվել է նաև, որ մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում հարկային մուտքերը նշված ժամանակահատվածում կազմել են 122 մլրդ դրամ`2011թ-ի 110 մլրդ դրամի դիմաց: Նախարարի խոսքերով` նախարարության համակարգի ոլորտում գործող ձեռնարկությունները ընդհանուր հարկային մուտքերի և սոցվճարների գծով այս տարվա ընթացքում վճարել են 243,8 մլրդ դրամի հարկ` նախորդ տարվա 215 մլրդ-ի դիմաց: «Երկրի հարկային մուտքերի 1/3-ը էկոնոմիկայի համակարգին է բաժին հասնում: Պետական եկամուտների կոմիտեի հետ շարունակաբար աշխատում ենք, այս տարվա ընթացքում կատարվել է հարկային վարչարարության միջոցառումներ, այդ թվում` մասնավոր հատվածում»,- ասել է Տ.Դավթյանը՝ հավելացնելով, որ ոլորտում ունեն 247 հազար աշխատող, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 7000-ով:
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նշել է, որ որքան էլ սեկտորը մեծ է` ստվեր կա, դրա համար պետք է իրականացնեն ոչ միայն վարչարարական այլև օրենսդրական փոփոխություններ: «Մտահոգիչ է աշխատողների իրական թվաքանակի պատկերը, քանի որ գտնում ենք, որ ստվեր կա աշխատողների քանակի ու աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ, քանի որ միջին հանրապետական աշխատավարձը որոշ ոլորտներում ցածր են»,- ասել է Ա.Ալավերդյանը։