Թոխմախի Մհեր. Հեղինե Բիշարյանի խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):
-Ռոբերտ Քոչարյանը մեծամասնական ցուցակով ընտրվածներին ֆեոդալ է անվանել: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք դրանց մեջ, ի՞նչ կասեիք այդ առիթով:
– Էս դեպքում ճիշտ չի ասել ֆեոդալ: Քոչարյանին շատ հարգում եմ, բայց… ես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ եւ չեմ էլ ուզենա, որ ինձ համամասնական ցուցակում ընդգրկեն: Համամասնական ցուցակում կարող է լինել մարդ, որին ոչ ոք չի ճանաչում։ Եթե նա մեծամասնականով առաջադրվի՝ ձայն չի տանի, իսկ ինձ համար նշանակություն չունի, թե ես որ համայնքում եմ առաջադրվում, որովհետեւ ես ճանաչում ունեմ, համոզված եմ, որ մեծամասնությունն ինձ հարգում է, եւ ես կընտրվեմ: Իսկ ինչո՞ւ են մտածում, որ եթե մարդն ուժեղ է, հարգված է, ուրեմն ինքը ֆեոդալ է: Եկեք Էրեբունի համայնքում հարցում արեք. եղե՞լ է մի պահ, որ Մհերն իրեն ֆեոդալի պես պահի: Ես ընդամենը ժողովրդի հետ նորմալ հարաբերություն ունեմ, մեր ժողովուրդը ման է գալիս մարդու, որը կարող է իրա մատից փուշ հանի: Ինձ ժողովուրդն ընդունել է էդ մարդը, եւ ես ժողովրդին հուսախաբ չեմ արել:
– Իսկ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ես կուզենամ, որ մեծամասնական ընտրակարգը պահպանվի: Համամասնականով առաջադրված թեկնածուն կարող է գալ, լավ ճառ ասել, եւ էլ ժողովուրդը նրա երեսը չտեսնի։ Մեծամասնականով ընտրված պատգամավորը միշտ կապի մեջ է լինում ժողովրդի հետ, պարտավորվածություն ունի, դրա համար էլ իմ ժողովուրդը երբ ուզենա՝ կարող է ինձ հանդիպել: Էս դեպքում գոնե պատգամավորի միջոցով ժողովրդի կապը կա իշխանության հետ։ Նրա միջոցով ընտրողը կարող է իր խնդիրները բարձրացնել, դրա համար էլ ես գտնում եմ, որ մեծամասնականն առայժմ պետք է մնա: Երբ մեր ժողովուրդը, մեր պետությունը կհասնի էն մակարդակին, որ էս չքավորությունը չի լինի, ուժեղը թույլին չի տրորի, երբ էդ բոլոր խնդիրները կլուծվի, էդ դեպքում թող լինի համամասնական, իսկ այսօր դրա ժամանակը չի:
– Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Դուք մշտապես եղել եք նախագահների համար ամեն գնով ձայն բերող, այս անգամ ի՞նչ «զադանիա» եք ստացել, քանի՞ քվե պետք է ապահովեք:
– Ոչ մի տեսակի «զադանիա» չկա։ Ես ընդամենը, որպես կուսակցության անդամ եւ ընկեր, իմ կողմից ինչ կարողանամ՝ անելու եմ իմ կուսակցության համար: Եթե մտել եմ Հանրապետական կուսակցություն, ուրեմն պարտավոր եմ ծառայելու մեր Հանրապետական կուսակցությանը: Ոչ մի տեսակի հանձնարարական չկա, ինձ պետք չի հանձնարարել, ես իմ գործը գիտեմ, ես գիտեմ, թե ինչ եմ անելու:
– Իսկ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Հանրապետականի հետ:
– Ես չգիտեմ ինչ է լինելու, շատ չեմ ուզում մտնել էս քաղաքականության մեջ: Եվ Գագիկ Ծառուկյանն է մերը, եւ մյուսները, էստեղ ինչ-որ հարցեր կան, երեւի իրենք կպայմանավորվեն իրար մեջ, եւ խնդիրը կլուծվի: Ես կուզենամ, որ միասնաբար բոլորս գնանք եւ ընտրենք մեր նախագահին, լինենք թեւութիկունք նրան եւ երկիրը շենացնենք: Իսկ թե ինչ կլինի՝ հետոն ցույց կտա։ Ինձ թվում է, որ առողջ բանականության դեպքում ամեն ինչ կլինի՝ եւ կոալիցիա, եւ մտերմություն: Ինձ թվում է, որ հարցերը նորմալ վերջավորություն են ունենալու:
Եթե առաջ ընկերներ ենք եղել, հիմա ի՞նչը փոխվեց, էս ընդդիմություն, չընդդիմությունը մեզ խանգարելո՞ւ է, որ էլի ընկերներ լինենք: Եթե ընդդիմությունը նորմալ հարաբերություն ինձ հետ ուզենա ունենալ, ես պատրաստ եմ. ընդդիմության մեջ էլ շատ-շատ մարդիկ կան, որ ինձ հետ ընկերություն են անում:
– Բայց Հեղինե Բիշարյանը՝ Ձեր կոալիցիոն գործընկերը, Ձեզ մեղադրել էր, որ ընտրակաշառքով եւ թաղային հեղինակությունն օգտագործելով եք ընտրվել պատգամավոր:
– Նախ ասեմ, որ Հեղինե Բիշարյանի կուսակցությունում ես ունեմ ընկերներ ու մտերիմներ եւ չեմ ուզենա իջնել Հեղինե Բիշարյանի մակարդակին՝ վիրավորելով ամբողջ կուսակցությանը: Բայց ստիպված եմ պատասխանել Հեղինեին, որ դա հերյուրանք է: Ես երկար տարիներ ապրել եմ Էրեբունի համայնքում եւ վաստակել եմ էդ հարգանքը։ Չի կարա ընենց լինի, որ փող տամ կամ վախեցնեմ մարդկանց ու ասեմ՝ եկեք ինձ ընտրեք: Նախ մեր էրեբունցիք վախեցող չեն. եթե հարգեցին անձը, կգան-կընտրեն, եթե չհարգեցին՝ չեն ընտրի: Բացի էդ, ես անհարմար եմ զգում, որ ինչ-որ մեկը մտածի, թե ես փող բաժանելով դառնում եմ պատգամավոր: Դա ինձ պատիվ չի բերի, էդ հարաբերության մեջ ես իմ բոլոր ընկերներին եւ ժողովրդին կնեղացնեմ:
Ժողովուրդն ինձ ընդունում է որպես իր բարեկամ։ Եթե ես ուզենայի, ենթադրենք, օգնել Հեղինե Բիշարյանին, իրան էլ կարող էի օգնել: Ինքը եկավ ինձ մոտ ընտրություններից մի քանի օր առաջ, երկու ժամ նստեց, խնդրեց, թե՝ ապեր, եթե դու ուզենաս, ես մեծամասնականով կդառնամ պատգամավոր, խնդրում եմ, ինձ օգնի, դու ինչ ուզենաս՝ կլինի համայնքում, քո հարգանքը մեծ է: Եվ ես, քանի որ պետք է թիվ 11 ընտրատարածքում օգնեի Հեղինե Բիշարյանին, ասեցի՝ հնարավոր չի, ինձ պիտի իմ կուսակցությունը հանձնարարական տա, եթե դու կարող ես հասնել նրան, որ կուսակցութունն ինձ ասի, որ թիվ 11 ընտրատարածքում պիտի Հեղինեին օգնես, ես քեզ կօգնեմ, եթե չասի՝ չեմ կարող օգնել: Փորձեց համոզել, թե դու արդեն սկսի աշխատել, իրանք քեզ ասելու են՝ Հեղինեին օգնի: Ինքը սուտ էր ասում: Իմ էս տարիքում ամոթ էր, եթե ինքը կարողանար ինձ խաբել: Որ Հեղինեի նման մարդը եկել եւ ինձ խաբում էր, դա էլ էր ամոթ:
– Բիշարյանի տարածքում Բելաջիոյի Գրիշն անցավ…
– Պայմանավորվեցինք, որ ինձ պիտի ասեն, բայց ինձ ոչ մեկը ոչ մի բան չասեց, իսկ քանի որ Բելաջիոյի Գրիշը մի անգամ ընտրվել էր նույն տեղամասից, ես օգնեցի, եւ հիմա էլ չեմ ասում, թե չեմ օգնել Գրիշա Մարգարյանին: Բայց ինքն էլ է հիմք ու կշիռ ունեցել, եւ իրան օգնելն ավելի հեշտ էր, քան Հեղինե Բիշարյանին, ում խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում։ Էրեբունցիք էդ որակը չէին ընտրի պատգամավոր. նրանք կուզենային, որ ավելի մեղմ լիներ, համեստ լիներ, գործով ապացուցեր, ոչ թե՝ վերջի օրով եկել ես Էրեբունի համայնք, քեզ ներկայացնում ես կամ ստեր ես ասում եւ ուզում ես դառնաս պատգամավոր:
Իսկ Գրիշա Մարգարյանին օգնել ենք՝ ինքն էլ դարձել է պատգամավոր։ Հենց էդտեղից էլ Հեղինե Բիշարյանը նեղացած է ինձնից եւ արդեն քանի անգամ իմ հասցեին ռեպլիկներ է թողում:
Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան իմ հետ մտնի բառախաղի մեջ: Իսկ եթե հաջորդ անգամ ինքը փորձեց իմ հետ կապված անհիմն արտահայտություններ անել, հաստատ ես իրեն շատ չոր եմ պատասխանելու:
– Բիշարյանն ասում է, որ ինքը պարտվել է, որովհետեւ փող չի բաժանել: Իսկ Դուք եւ Մարգարյանը բաժանել եք:
– Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել, նույնիսկ բաժանել է։ Բայց փողերը վերցրել են եւ ընտրել են էն մարդուն, որին իրենք են ցանկացել: Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետեւ ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը՝ կին, եւ չեմ ուզում իջնել իր մակարդակին։ Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես հաստատ կասեմ, որովհետեւ ինքը չափն անցնում է:
– Նաեւ ասում է, որ Ձեր նմաններին կուսակցությունները համամասնական ցուցակներում չեն ընդգրկում: Հատկապես Ձեր ո՞ր արժանիքը գնահատելով է ՀՀԿ-ն Ձեզ ընդգրկում համամասնական ցուցակի անցողիկ տեղերում:
– Բոլորն էլ գիտեն, որ իմ հնարավորությունները մեծ են: Ես, ապրելով էս քաղաքում եւ հանրապետությունում, տարիների ընթացքում իմ հարգանքը ստեղծել եմ՝ եւ ժողովրդի մեջ, եւ ընկերության մեջ: Հանրապետության շատ տարածքներում, եթե ուզենամ ինչ-որ մեկին կամ մի կուսակցության օգնել, հաստատ կարող եմ օգնել: Ոչ որպես պատգամավոր, այլ որպես Մհեր Սեդրակյան, եթե ես ասեմ՝ այս կուսակցությունն ամենաճիշտն է, խնդրում եմ, եկեք սրան օգնենք, համոզված եմ, որ մեծ մասն իմ կարծիքը հաշվի է առնելու, եւ էդ գիտեն բոլորը: Մինչեւ Հանրապետական կուսակցություն իմ մտնելը, շատ կուսակցություններից են ինձ առաջարկել, որ անդամագրվեմ իրենց, բայց ես չեմ ուզեցել: Հանրապետական էլ դարձել եմ, որովհետեւ կուսակցության հիմնադիրներից էր մեր ընկերը՝ Անդրանիկ Մարգարյանը։ Ասեմ, որ ես որ կուսակցությունում էլ լինեի, հաստատ օգտակար կլինեի էդ կուսակցությանը, իսկ թե ո՞նց, եթե ժողովրդին հարցնեք, Ձեզ կասեն:
– Լավ, ՕԵԿ-ի նկատմամբ Ձեր վերաբերմունքն իմացանք, իսկ ի՞նչ կարծիքի եք ընդդիմության մասին:
– Ընդդիմությունն էլ նույն մեր ժողովուրդն է, ես կուզենամ ընդդիմության հետ էլ հաշվի նստել, աշխատել, բայց որ ասեմ շատ ուժեղ ընդդիմություն ունենք՝ բոլորս էլ տեսնում ենք, որ դա չկա: Չեմ տեսնում, որ ռեալ ուժ կա, որովհետեւ ես կարծում եմ, որ շատ-շատ ընդդիմադիր ընկերներ ներքին կարգով համագործակցում են իշխանության հետ, եւ ցավալին դա է: Էստեղ էլի ժողովրդին են խաբում, թոզ են փչում ժողովրդի աչքին…
– Ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ եք պատրաստվում հանդես գալ:
– Եկեք առայժմ այդ հարցին չպատասխանեմ, ես ունեմ ծրագրեր դեռ իմ ընտրվելուց առաջ, կան բաներ, որ ես պետք է անեմ, բայց այս պահին չեմ ուզում հնչեցնել, որովհետեւ առայժմ դրա կարիքը չկա, պետք է անեմ՝ նոր խոսեմ դրա մասին. Չարած՝ չեմ ուզում խոսել: Բայց ինչ որ անելու եմ, իմ համայնքի, իմ ժողովրդի համար եմ անելու:
– Համայնքի ու ժողովրդի մասին մտածում եք, բայց կողմ քվեարկեցիք նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ դարձնելուն, մարդն այդ գումարով ինչպե՞ս կարող է ապրել:
– 35 հազար, որ որոշվել է, ես չէի ասի բարձր աշխատավարձ է, բայց պետությունն էլ էն վիճակում չի, որ սարքի 100 կամ 150 հազար։ Դրա համար մենք ոչ մեկս ձեն չենք հանում, ասում ենք՝ լավ, էսօրվա դրությամբ իրավիճակն էս է, դրա համար էլ կողմ եմ քվեարկել: Մարդիկ կան, որոնց համար էդ 2.500 դրամն իսկապես նշանակություն ունի: Բայց համոզված եմ, որ օրը կգա, եւ կամաց-կամաց աշխատավարձն էլ կբարձրանա, մենք էլ լավ կզգանք, որ Ազգային ժողովի էս 5 տարիների ընթացքում լավ բաներ արեցինք մեր ժողովրդի համար: