«Ինչո՞ւ ջերմաչափը հանենք, վաղը նորից կուլ է տալու». ասել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմից

Քրեակատարողականի հիմնարկներում տիրող մթնոլորտի մասին զրուցեցինք  ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, «Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» հ/կ նախագահ Սուրեն Իսկանդարյանի հետ:

– Հատկապես վերջերս բուռն քննարկումների առիթ դարձավ դատապարտյալների աչք կամ բերան կարելու դեպքերը: Այսօր, օրինակ, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց, որ դա մեթոդ է, շանտաժ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ են կալանավորները դիմում նման քայլերի:

– Ցանկացած դեպքում չի կարելի ասել, որ նման քայլերի չեն դիմում` դիմում են: Ահազանգերն էլ շատ են լինում: 3 օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբից էի` որպես համագործակցող հասարակական կազմակերպության նախագահ, բայց  այդ ձևաչափն ինձ դուր չեկավ և դիմում գրեցի, վկայականս հանձեցի: Բողոքները շատ-շատ են: Մարդ կա, որ ունակ է բողոքելու, մարդ էլ կա` չի բողոքում: Եթե ներքին կարգով իմանում են, որ տվյալ մարդը բողոքող է, ապա ասում են` «նա գործ տվող է, գործ չունեք իր հետ»:

– Դա  ասվում է կալանավայրերի ադմինիստրացիայի՞  կողմից, թե՞ կալանավորների շրջանակում:

Կարդացեք նաև

– Հնարավոր է, որ ադմինիստրացիայի կողմից որոշակի ճնշումներ լինեն բողոքի հետ կապված, բայց հաստատ դա այն կարգի չի կարող լինել, որ կալանավորը փոշմանի: Մենք հիմա իրականացնում ենք շահերի պաշտպանություն ձերբակալվածի դեպքի մասով, ում պատշաճ բուժօգնություն չէին տրամադրել: Նա չէր բողոքել, բայց ես` որպես իրավապաշտպան, փորձում եմ կատարել իմ քայլերը, մինչդեռ ՄԻ պաշտպանի գրասենյակում այլ է` այնտեղ պետք է լինի կոնկրետ բողոք: Մեզ մոտ դրված է հետևյալ խնդիրը` եթե կա խնդիր, կա իրավունքի ոտնահարում, ուրեմն՝ պետք է բարձրաձայնել այդ մասին:

Մոտ մեկ ամիս առաջ է եղել, երբ մարդը բերանը կարել և հացադուլ էր արել: Երբ այցելեցինք իրեն, ասաց, որ ծնոտի փտախտ է սկսել իր մոտ, և նրան համապատասխան բուժօգնություն ցույց չէին տալիս: Նա մի խցում էր` 17 հոգու հետ: Նրա բերանի խոռոչում սկսել էր թարախային պրոցես, և նա վիրահատական միջամտության կարիք ուներ: Մինչդեռ իրենք (նկատի ունի ադմինսիտրացիան.-Մ.Մ.) որևէ բան չէին ձեռնարկում՝ նրան օգնելու համար: Մենք փորձեցինք հասկանալ խնդիրը, և այդ մասին խոսեցինք «Նուրաբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, ով ասաց, թե խնդիր չունի: Բերան կարելը հիմնախնդրին հասնելու միջոց է: Այդ մարդն ուզում էր, որ իրեն տեղափոխեն թեկուզ ՑԵԲԵ-ի քրեակատարողականի մաքուր սենյակ, որտեղ կքանդի կարերը և հացադուլից էլ դուրս կգա: Քրեակատարողական հիմնարկի պետն էլ հարցրեց, որ եթե տեղափոխի, կարերը կքանդի՞, նա պատասխանեց՝ այո’: Իսկ  տեղափոխելուց հետո այդ մարդը հացադուլի մեջ մնաց ընդամենը մեկ ժամ:

– Այսինքն` քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճա՞կ է:

– Միանշանակ, այո: ՔԿՀ-ում մարդը ջերմաչափ էր կուլ տվել, իսկ դրանից առաջ, ինչպես ասացին` «հարյուրանոց» մեխ էր կուլ տվել`սկզբից մեխն էր կուլ տվել, հետո` ջերմաչափը, որոնք ստամոքսում խաչաձև հատել էին իրար: Ամեն րոպե ջերմաչափը կարող էր ջարդվել, և երբ ասացին, որ պետք է բուժօգնություն ցույց տալ, ՔԿՀ-ի համապատասխան վարչակազմը պատասխանեց, թե՝ «եթե դա հանենք, երրորդ անգամը կլինի: Վաղը նորից ա կուլ տալու»:

Մինչդեռ տարբեր հայտարարություններ են անում, թե այդպիսի դեպքերը կապված են քրեական գործի հետ: Այդպիսի բան գոյություն չունի, գնացեք-տեսեք, թե ի՞նչ է կատարվում ՔԿՀ-երում: Որպես դիտորդական խմբի անդամ` վերահսկողություն եմ իրականացնում ձերբակալվածի պահելու վայրում, որտեղ վիճակը 20 անգամ լավ է քկհ-երից:

 

Տեսանյութեր

Լրահոս