Բաժիններ՝

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 95 %-ը

2012թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշելով, որ դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40.9 %-ը եղել են պաշտոնատար անձինք:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 1 մլրդ. 448 մլն. 361 հազ. դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 1 մլրդ. 368 մլն. 850 հազ. դրամ: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 429 մլն. 464 հազ. դրամ կամ 31.3 %-ը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից նույն ժամանակաշրջանում դատարան ուղարկված 17 քրեական գործից 16-ով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմել է 83.3%:

Նույն ժամանակահատվածում նախաքննության փուլում ոչ արդարացման հիմքով քրեական գործերից կարճվել են 54-ը, որոնցից պետությանը պատճառված վնասը կազմել է 6 մլրդ. դրամ, որը 95 %-ով վերականգնվել է: Իսկ մերժված նյութերով պատճառված վնասը կազմել է 443 մլն. 765 հազ. դրամ, որից վերականգնվել է 403 մլն. 683 հազ. դրամ կամ 90.9% (նշված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերականգնման հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով):

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս