Ակամա բոյկոտել է դեսպանին
Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել արարողակարգային բնույթի սկանդալ: Մեր տեղեկություններով` ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպման նախնական պայմանավորվածություն է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ:
Բայց, երբ ԱՄՆ դեսպանի ղեկավարած պատվիրակությունը եկել է Ազգային ժողով հանդիպման, պարզվել է, որ Արտակ Զաքարյանը Հայաստանում չէ: ԱԺ արարողակարգի ծառայությունից զանգահարել են Արտակ Զաքարյանին, և նա ասել է, որ տատիկն է մահացել, ինքը, 10 օրից ավելի, գտնվում է Ղարաբաղում: Ազգային ժողովում շտապ կարգով սկսել են Արտակ Զաքարյանին փոխարինող փնտրել: Սկզբում մտածել են, որ դեսպանին ընդունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պարզվել է, որ նա ԱԺ-ում չէ:
Ի վերջո, վիճակը փրկելու գործը հանձն է առել ԱԺ մյուս փոխնախագահը` Հերմինե Նաղդալյանը, ով նաև Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է: Ի վերջո, հանդիպումը կայացել է, և, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքէջից, տեղի է ունեցել շատ կարևոր զրույց:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին և նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարևորվեց արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը»,- տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Արտակ Զաքարյանը ժխտել է, որ ինքը դեսպանի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ունեցել: «Ձեզ նման բան ասողը կատարյալ հիմարություն է ասել»,- հայտարարել է Զաքարյանը:
Ապա ասել է, որ հանդիպումը նախատեսված է եղել Հերմինե Նաղդալյանի հետ, ով Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ղեկավարն է: Հետաքրքիր է` եթե հանդիպումն ի սկզբանե Արտակ Զաքարյանի հետ չէր նշանակված, այլ Հերմինե Նաղդալյանի, որտեղի՞ց Զաքարյանը, գտնվելով Ղարաբաղում, գիտեր դրա մասին: Փորձելով ցույց տալ իր անտեղյակությունը սկանդալից, Զաքարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հանդիպումը Նաղդալյանի հետ կայացել է, թե՞ ոչ: Մինչդեռ Արտակ Զաքարյանը կարող էր ասել, որ ինքն իսկապես մոռացել է նախապես նշանակված հանդիպման մասին: Ճիշտ է, տեղի ունեցածն էթիկայի առումով ոչ մի արդարացում չունի, բայց գոնե կարելի է ավելի ազնիվ լինել: