Լևոն Զուրաբյանի նոր ճշգրտումը՝ «Մարտի 1»-ի հարցում. «Թե իրականում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռևս չենք կարող ասել»

Այսօր aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է, թե կիսո՞ւմ է Արամ Մանուկյանի՝ վերջերս հայտնած այն տեսակետը, թե «Մարտի 1»-ի գործում որևէ քաղաքական ուժ չի մասնակցել: Նա պատասխանել է. «Ես իմ տեսակետը հայտնել եմ, միշտ էլ ասել եմ և շարունակում եմ պնդել, որ «Մարտի 1»-ի համար քաղաքական պատասխանատվություն կրում են բոլոր այն ուժերը, ովքեր եղել են կոալիցիայի կազմում և կայացրել են համապատասխան որոշումներ՝ արտակարգ դրություն մտցնելու մասին: Կա քաղաքական պատասխանատվություն, իրենք կրում են»:

Որոշ ԲՀԿ-ականներ վստահեցնում են, որ «Մարտի 1»-ի գործում ավելի շատ շահագրգռված էր Սերժ Սարգսյանը և ավելի պակաս Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ էր, իսկ Սերժ Սարգսյանը լուրջ հավակնություններ ուներ: Կայքի հարցին՝ կիսո՞ւմ եք այս տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանել է.

«Ես չեմ ցանկանում մտնել ենթադրությունների, վերլուծությունների դաշտ: Շատ կոնկրետ բան եմ ես տեսնում՝ «Մարտի 1»-ին ռեժիմը, երբ որ տեսավ  ժողովրդական ընդվզման ալիքը, պետք է գնար բանակցությունների: Նորմալ, քաղաքակիրթ երկրներում հարցերն այդպես են լուծվում: Բայց ռեժիմը մերժեց բանակցությունների, քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը և որոշում ընդունեց բռնի ուժի միջոցով խեղդելու ժողովրդի ընդվզումը: Սա է հանցագործ մի որոշում, որն ընդունել էր այդ օրվա ռեժիմը: Իսկ ռեժիմն ով էր ներկայացնում այդ ժամանակ՝ գիտեք: Բոլորին էլ գիտեք, հայտնի են: Բոլոր պաշտոնական անձինք, որոնք այդ որոշումն ընդունել են, հայտնի են»:

Հարցին՝ «Մարտի 1»-ի դերակատարների այն ցուցակը, որը հրապարակել էր ՀԱԿ-ը, փոխվե՞լ է, փոխվե՞լ է այն ցուցակը, որտեղ կար նաև Գագիկ Ծառուկյանի անունը՝ ՀԱԿ համակարգողը պատասխանել է. «Այդ ցուցակը վերաբերում էր լրիվ այլ հարցի: Դա լրիվ այլ հարց էր,  Փաստահավաք խումբը երբ որ սկսեց հետաքննություն անցկացնել այդ ցուցակի վերաբերյալ ինֆորմացիան ստուգելու համար, Պաշտպանության նախարարությունը թույլ չտվեց, փակեցին: Այնպես որ, մենք կարող ենք միայն մի բան ասել, որ իշխանությունները խոչընդոտել են փաստերի հավաքման գործընթացին: Թե իրականում կոնկրետ այդ էպիզոդում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռևս չենք կարող ասել: Դա մի գործընթաց է, որը մի օր անպայման կհասնի մինչև վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս