Տնտեսագետները՝ ստվերի իրական չափերի մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, ստվերային տնտեսության մակարդակը Հայաստանում գերազանցում է ՀՆԱ-ի 35%-ը։ Դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։ 168.am-ը զրուցեց մի քանի փորձագետների հետ, պարզելու համար, թե որքանո՞վ է այդ ցուցանիշը իրատեսական:
«Տարօրինակ է, բայց մենք ոչ մի հաշվով ու առանց հիմքերի չենք կարող հրապարակել նման ցուցանիշեր: Ախր ինչպես կարելի է: Ո՞վ է ուսումնասիրել դա, ո՞վ է եզրահանգումների եկել: Ամեն դեպքում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում, ինչով որ մենք ենք զբաղվում, նման բան լինել չի կարող, քանզի մենք այլ երկրների սահմաններ ենք հատում, ամեն ինչը հայտարարագվում է տարբեր երկրների մաքսային և սահմանային ծառայությունների կողմից: Բոլոր բեռնափոխադրումները վերահսկվում են: Մեր ոլորտում նման իրավիճակ չի կարող լինել: Ստվեր չի կարող լինել: Ես չգիտեմ, միգուցե տնտեսական այլ ոլորտներում նմանատիպ ցուցանիշ կարող է լինել, սակայն նույնացնել բոլոր ոլորտները և մի ցուցանիշով ներկայացնել՝ սխալ է: Մյուս ոլորտներում հնարավոր է ստվերի նման բարձր ցուցանիշ, բայց տրանսպորտային բեռնափոխադրումների ոլորտում նման բան չկա: Ներքին արտադրողների մոտ հնարավոր է՝ նման ցուցանիշ արձանագրվի, բայց, նորից եմ ասում՝ չեմ ուսումնասիրել, չգիտեմ»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Նույն հարցի վերաբերյալ տնտեսագետ Հայկ Բալանյանը 168.am-ին ասաց, որ դա ուղղակի մեկնաբանության խնդիր է. «Իմ կարծիքով՝ արձանագրած ցուցանիշը մոտ է իրականությանը: Դրանից պակաս հաստատ չի կարող լինել: Ավելի՝ միգուցե: Հարկավոր է ուսումնասիրել այն մեթոդոլոգիան, որով վերլուծել են և եկել են այդ եզրահանգման, սովորաբար այդ ցուցանիշը գնահատվում է 30-50 տոկոսի սահմաններում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում վիճակագրության խնդիր կա: Շատ հաճախ այստեղ երբ մարդ ցանկանում է ինչ-որ բան վերլուծել, պետք է վիճակագրությունը վերծանի: Դա էլ է խնդիր առաջացնում: Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, թե ինչ մեթոդոլոգիա է օգտագործել ԱՄՀ-ն այդ ցուցանիշի հաշվարկի ժամանակ, և միայն այդ դեպքում կհասկանանք, թե ինչքանով է այդ ցուցանիշն իրատեսական: Այն, որ ստվերային տնտեսությունը կա, ու այն մեծ թիվ է կազմում՝ դա գիտենք բոլորս, այլ հարց է, թե որ մեթոդաբանությամբ ենք բացահայտում այդ ցուցանիշը»:
ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով էլ՝ այդ թիվն ավելի մեծ է նշվածից, սակայն այստեղ կարևորում են այն մեթոդաբանությունը, որով հաշվարկել են ԱՄՀ փորձագետները: