«Իշխանության համար ժողովուրդը միայն բողոքավոր զանգված է»
Հարցազրույց Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ,
հոգեբան Արմինե Ղազարյանի հետ
– Որպես հոգեբան` ինչպե՞ս կբացատրեք մեր հասարակության ապատիկ վիճակը նախագահական ընտրություններին ընդառաջ:
– Նախագահական ընտրություններից առաջ ապատիկ վիճակը նախապատմություն ունի: Բազմիցս ենք խոսել դրա մասին, թե ինչպես քաղաքական դաշտում բոլորիս շատ կամ քիչ հայտնի մանիպուլյացիաների, երբեմն բացահայտ և կոպիտ խաղերի, պայմանավորվածությունների արդյունքում, ինչպես նաև` դրանք փոխելու կամ վրան ազդելու, մասնակից լինելու անկարողության արդյունքում մարդիկ ապրեցին մեծ հիասթափություններ:
2008-ից հետո մի քանի անգամ թվաց, թե քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում: Շատերը հուսացին, լարեցին իրենց ուշադրությունը՝ պատրաստ մասնակից լինելուն: Այո՛, ոչ միայն ականատես, այլ նաև մասնակից, և, բնականաբար, ուժերի լարումից հետո անկումը` հիասթափությունն է` դատարկության դիմաց:
Ապատիկ վիճակն էլ բնութագրվում է ոչ միայն պասիվությամբ, այլ նաև հավատի կորստով, ոգևորության պակասով:
Հայտնի փաստ է նաև, որ ոչ միայն իշխանության կողմից քայլեր եղան` ուղղված հասարակության անվստահության զգացումը վերացնելուն, նրան քաղաքական կրավորական պահվածքի մղելուն, այլ նաև մեծ ընդդիմության միջոցով սրվեց դիսկոմֆորտի և հոգեբանական անպաշտպանվածության զգացումը: Իսկ ներկայում պարադոքսն այն է, որ մեծ ջանքեր են պետք անբավականությամբ համակված, դժգոհ ընտրազանգվածը համախմբելու համար, թեպետ դա էլ իր պատճառն ունի:
– Մեր երկրում առաջացել է միայնության սինդրոմ: Մարդն իրեն միայնակ ու անզոր է զգում` հավատ չունենալով որևէ փոփոխության հանդեպ: Մինչդեռ իշխող կուսակցության ղեկավարն ասում է` «հավատանք, որ փոխենք»: Մի՞թե իշխանությունները չեն տեսնում ժողովրդի հետ կապի խզումը:
– Նախ, չունեմ ուսումնասիրության տվյալներ, թե արդյո՞ք միայնության սինդրոմ կա հիմա Հայաստանում, կամ թե արդյո՞ք դա քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում է: Ինքս չեմ կարծում` միայնության խնդիր կա, չեմ նկատում, խոսքն, իհարկե, մասնավոր դեպքերի մասին չէ: Իսկ ապատիան, այո՛, կա, համընդհանուր վիճակ է և բավականին տեսանելի:
Ապատիային տրվող լուծման ձևերից մեկը դեռ շարունակվող արտագաղթն է: Ինչ վերաբերում է իշխող կուսակցության կարգախոսին` «Հավատանք, որ փոխենքին», ապա դա ավելի շատ աուտոթրեյնինգի կուրս է հիշեցնում, քան՝ կարգախոս, որը ևս քաղաքական թույլ մշակույթի դրսևորում է կամ «վատ սովորած դաս»:
Առհասարակ, կարգախոսը շատ կարևոր է ոչ միայն նախընտրական շրջանում: Այն ինչ-որ տեղ նպատակ, նպատակային գիծ է, որ դրվում է «աչքի առաջ»` որպես գործելու բանաձև և առաջնահերթություն: Այդ տեսանկյունից այս կարգախոսը բնավ դինամիկ չէր, քանի որ մարդկանց հավատը չկար, որ դեռ երկրորդ գործողությանն էլ անցնեն:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե իշխանությունը չի տեսնում ժողովրդի հետ կապի խզում, ապա հարց է առաջանում` արդյո՞ք ուզում է տեսնել: Ցավոք, իշխանության համար ժողովուրդը միայն զանգված է՝ բողոքավոր զանգված, երբ գալիս են ընտրությունները՝ ընտրազանգված է, երբ խնդիրները հնարավոր չեն կոծկել` խնդրահարույց զանգված, երբ արտաքին քաղաքական հարցեր են բարձրացվում` հայ զանգված, երբ պետք է սեփական շոուներին մասնակցությունն ապահովեն` օգտագործվող զանգված:
Սա սպառողի հոգեբանություն է: Այստեղ ժողովրդի շահերի հետ առնչություն ունեցող ոչինչ չկա: Այս հոգեբանությունից էլ ստեղծվում են իրենց կարգախոսներն ու օրենքները: Երբ առաջին անգամ Օբամայի «Change We Can Believe In»-ը հաղթեց, գուցե ՀՀԿ-ին ապրանքանիշային թվաց, և հաղթող «կարգախոսներ» ներկրեցին՝ շեշտադրումը փոխելով՝ այն դարձնելով «պատասխանատվություն» չենթադրող անորոշ և անշոշափելի:
Տեսե՛ք, խոսում ենք հավատի, կապը խզելու մասին, բայց իշխանությունը, թերևս, շատ լավ իմանալով, գուցեև ուսումնասիրելով բարոյահոգեբանական մթնոլորտը՝ հասկացել է, որ այն, ինչ չկա, դա պետք է առաջարկել: Սակայն բուժելու փոխարեն` փչացրել է, քանի որ կարգախոսը պետք է համապատասխանի ներկայացնող ուժին` հակառակ դեպքում` դա, իրոք, զավեշտ է:
– 2008թ. հասարակությունը որոշակի հույսեր էր կապում ընդդիմության հետ, ավելին` վերարթնացել էր փոփոխությունների հանդեպ հավատը, որը շուտ մարեց: Ինչո՞ւ ընդդիմությունը թուլացավ: Տեսակետ կա, թե` ոչ թե ընդդիմությունն է թուլացել, այլ իշխանությունն է հզորացել:
– 2008-ին, իրոք, արթնություն էր, արժանապատվության համար պայքար, ըմբոստություն, ընդվզում: Շատերը մի կողմ էին թողել առաջնորդի ընդունել-չընդունելու խնդիրը և միահամուռ պայքարի դուրս եկել: Ժամանակի մեջ այդ պայքարը նեղացվեց, հասավ պայքար իշխանության համար, մարդիկ հիասթափվեցին, առաջացան երկպառակություններ, և փլուզվեց ընդդիմության մեծ թևը: Իշխանությունը չի հզորացել:
Այն իր տեսակի մեջ հզոր էլ եղել է, այլ բան է, թե ո՞րն է իր տեսակը: Իր տեսակը ավտորիտար, քրեաօլիգարխիկ, կոռուպցիաներով, անձնական շահը սպասարկող տեսակ է: Ինչո՞ւ թուլացավ ընդդիմությունը. թուլացավ ու տանուլ տվեց, քանի որ նույն տեսակն էր, ինչ իշխանությունը, իսկ նույն տեսակների միջև պայքարում իշխանությունը միանշանակ հաղթում է՝ ունենալով ողջ լծակներն իր ձեռքում: Այլ բան է, երբ իշխանության ախոյանն այլ դաշտից է` գաղափարական դաշտից, կառավարման ձևի ու ոճի տեսակետից այլ մարտահրավեր նետող:
– Առայժմ հայտնի է, որ իրենց թեկնածություններն առաջադրելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Ձեզ` արդյոք Ր. Հովհաննիսյանը կարո՞ղ է համախմբել ընդհանուր ընդդիմադիր դաշտը:
– Տեսեք՝ այսօրվա մարտահրավերն այլ է, քան նախորդ նախագահական ընտրություններին: Այսօր քաղաքացիական հասարակություն կոչված հատվածն ավելի ակտիվ է և ավելի «գիտակից» կամ, ասենք, «արդյունք տեսած»: Նախորդին ունեինք առաջնորդի կարիք և առաջնորդելու կամ առաջնորդվելու` ցանկալի իշխանափոխության համար: Այն պատճառաբանվում էր, որ «առաջին նախագահն իրենցից է, կարող է վռնդել կլանը, իշխանափոխություն կատարել»:
Այսօր առաջնորդի գործոնը, թեև ժողովրդի ավտորիտար մտածողության մեջ նստած է, բայց քաղաքացիական հասարակության մասն այդ փոփոխությունները, իշխանափոխությունը չի կապում մեկ անձի հետ, մեկ «ազգափրկչի» հետ, այլ, իրոք, առաջադրվող անձը պետք է շրջանի կենտրոն հանդիսանա, այլ ոչ` ուղղահայացի գագաթ: Հիմա, ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվել է (դեռևս «Ժառանգության» կողմից չի առաջադրվել)` երևի թե ունենալով հենց այդ պատկերացումը` իր շուրջ համախմբելու մտահոգ քաղաքացիների:
Այս դեպքում Հովհաննիսյանի թեկնածությունը որակապես իրոք այլընտրանք է` հաշվի առնելով իր` հայաստանյան քաղաքական դաշտի մշակույթում ոչ մի կերպ չինտեգրվելը: Ուրեմն, ինչ-որ տեղ, ոչ միայն Հովհաննիսյանի խնդիրն է, այլ կեղծ ընտրությունների դեմ գնացողների, մտահոգների խնդիրն է համախմբվելը գաղափարի շուրջ, այլ ոչ թե կուսակցապետի կամ առաջնորդի, թեև անառարկելի է Հովհաննիսյանի խարիզման և քաղաքական գործչի համար կարևոր հմայքը:
Այժմ տարբեր քաղաքացիական խմբեր և անհատներ մտածում են ձևաչափ, որևէ գործող մեխանիզմ` ժողովրդին արթնացնելու, այնինչ դեռ 2011-ի գարնանը և ամռանը Ազատության հրապարակում ամեն շաբաթ օր հենց նրա կողմից անցկացվում էր Քաղաքացիական ժողով: Սա նոր մշակույթ էր և բավականին համարձակ նախաձեռնություն՝ քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված: Իմաստն այն էր, որ Քաղաքացիական ազգային օրակարգը պետք է հրապարակավ ձևավորվի, և բաց, շահագրգիռ քաղաքացիները՝ բոլոր համապատասխան դաշտերից գային ու բարձրաձայնեին ազգին հուզող հարցերի ու դրանց լուծումների մասին:
Այսինքն, մեր այսօրվա հանդիպած կարևորագույն խնդիրների օրակարգի ձևավորման գաղափարն էր, այլընտրանքի, որն անհրաժեշտ է, և ինքնաբուխ ու թափանցիկ պետք է ձևավորվի:
– Այս համատեքստում, կարծես, նորաձև է դարձել քաղաքացիական հասարակության մարտահրավերների մասին խոսելը: Քաղաքացիական հասարակությունը կամ այն փոքր խումբը, որ ունենք մեր երկրում, ի վիճակի՞ է փոփոխել գոնե հասարակական տրամադրվածությունը: Արդյո՞ք այդ խումբը կարող է դառնալ այլընտրանքային քաղաքական ուժ մեր երկրում:
– Իսկ որո՞նք են հասարակական տրամադրությունները: Հասարակության մեջ գոյություն ունեցող յուրաքանչյուր շերտ, հանրույթ ապրում է իր խնդիրներով, իր պահանջմունքների բավարարման պայմանները հոգալով: Չկան համընդհանուր միացնող գաղափարներ, կայուն տրամադրություններ:
Դրա համար էլ չկան` որպես այդպիսիք, կուռ հասարակական պահանջներ՝ ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից: Այժմյան ապատիկ վիճակում քաղաքացիական հասարակության համար, իսկապես, մարտահրավեր է` «արթնացնել» մարդկանց, հասարակությանը, որ «բողոքավոր զանգվածից» դառնան «պահանջատեր զանգված», իրավունակությունը գիտակցող էակներ:
Կարևոր է քաղաքական ակտիվության, մասնակցության գաղափարի ամրապնդումը մարդկանց մեջ, որ ոչ միայն որոշիչ են իրենց դատողություններն ու գործը, այլ նաև ընդունեն և գնահատեն, որ իշխանությունը, կառավարողները, քաղաքականություն անողները Աստծո մարդիկ չեն, և նրանց գործերը քննելի են: