Սոված մանուկներ, դավաճանություն…
Երեկ ԱԺ-ում զարմանալի անտարբերությամբ քննարկվեց 2013թ. բյուջեի նախագիծը: Քննարկումն անցավ, ինչպես շատ դեպքերում, կիսադատարկ դահլիճում: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ առանձնապես ջանքեր թափելու առիթ չունեցավ, քանի որ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների դեպքում իրեն օգնության էր հասնում նիստը վարող փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նշենք, որ բյուջեի նախագիծը քննարկվեց առանց վարչապետի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց Վ. Գաբրիելյանից, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը չէր ներկայացնում նախագիծը: «Ո՞ւր է Տ. Սարգսյանը, ինչո՞ւ նա չի ներկայացնում, ինչո՞ւ նա չի պատասխանում մեր հարցերին, որովհետև տարին մեկ անգամ է ընձեռվում նման հնարավորություն բյուջեի քննարկումների այս փուլում իրեն հարցեր ուղղելու»,- հարցրեց նա` նշելով, որ եթե վարչապետը չի գնում աշխատանքի, չի մասնակցում պետության ֆինանսական մայր-փաստաթղթի քննարկմանը, որի տակ դրվել է նրա ստորագրությունը, ապա հարկ կլինի կրճատել ոչ միայն նախագահի, նաև վարչապետի պաշտոնը` ստացած գումարներն ուղղելով այլ ոլորտների:
«Եթե անդրադառնամ, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում, ապա նշեմ, որ վարչապետի ստորագրությամբ գալիս են բոլոր փաստաթղթերն ԱԺ, երբ վերաբերում են օրենսդրական նախաձեռնություններին, և Կառավարության անդամները ևս ներկայացնում են դրանք: Ըստ օրենսդրության` կարող են լինել զեկուցողներ, և որևէ կերպ այդ առաջնահերթ պարտադրանքը, որ անպայման պետք է վարչապետը ներկայացնի այս փաստաթուղթը` չկա»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Ի դեպ` ինչպես այս երկխոսության, այնպես էլ բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ուշադիր հետևում էր իր IPad-ին` խաղո՞ւմ էր, թե՞ տեքստ էր կարդում` դժվար էր ենթադրել: Ինչևէ, բյուջեի նախագծի մասին իր տեսակետը հայտնեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա` ինչպիսին կառավարության տնտեսական ծրագիրն է, այդպիսին էլ բյուջեի նախագիծն է. «Մենք ասել էինք, որ ծրագրի ետևում չկա քաղաքականություն, չկա տնտեսական մտածողություն, չկա ինչ-որ հստակ նպատակ, թիրախներն այն չեն, ինչի կարիքն այսօր երկիրն ունի: Չէի ասի, թե բյուջեն տող առ տող, մանրամասն կարդացել եմ, բայց ընդհանուր կարդալուց մի բան ուշադրությունս գրավեց` բոլոր ոլորտներում, որտեղ կա տրամադրված գումարների աճ կամ նվազում, դրանք պայմանավորված են` նվազումների դեպքում` ծրագրերի ավարտի հետ, իսկ աճի դեպքում` եկամտային հարկի նոր օրենքով կամ նվազագույն աշխատավարձի այդ փոքր բարձրացումով»:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդրին` ասաց. «Եթե մենք խոսում ենք այնպիսի նվազագույն աշխատավարձի մասին, որը պետք է ծածկի սոցիալական ընդունելի մակարդակը, այսինքն, գոնե պետք է համարժեք լինի սպառողական նվազագույն զամբյուղին, ապա դրա նպատակը նաև աշխատանքի արտադրողականությունը խրախուսելն է, մարդուն հնարավորություն տալը, որպեսզի վերականգնի իր ծախսած էներգիան:
Պատկերացրեք, թերսնվող, նվազագույն աշխատավարձ ստացող մարդը որքան վնաս է տալիս ոչ միայն իր ընտանիքին, իր անձին, այլ նաև պետությանը, որովհետև այս նույն քաղաքացին, որը ստանում է ավելի քիչ, քան անհրաժեշտ նվազագույնը, ապա նա նաև հետո բեռ է դառնում պետության առողջապահության ծախսումների վրա, բեռ է դառնում մեր հասարակության վրա, բեռ է դառնում մեր պետականության վրա»:
Ըստ նրա` ԱՎԾ տվյալներով` եկամուտների 95%-ը ծախսվում է սպառման վրա, ցածր եկամուտներ ունեցող սպառողների 60%-ն իրենց սպառման ծախսերը կատարում են բացառապես պարենային ապրանքների` սննդի վրա, իսկ սննդի բաղադրիչի 80%-ը տեղական արտադրությունն է:
«Մենք խրախուսում ենք նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ նաև տեղական արտադրությունը: Շատ պարզ բանաձև է: Կառավարությանն այսքան բացատրելուց հետո` կանգնում-ասում է` մենք չենք կարող ապահովել: Լավ, չեք կարող, բայց դրա ճանապարհը կա` գնացեք, ով կարող է` կգա-կանի:
Եթե դուք չեք կարող, չեք էլ ուզում գնալ, էդ դեպքում ի՞նչ լուծում պետք է տալ: Կարծում եմ` ակնհայտ է, հարգելի՛ պատգամավորներ, մենք ձեզ հետ միասին պետք է հեռացնենք այս կառավարությանը, հակառակ դեպքում նվազագույն աշխատավարձ, աղքատության շեմից ցածր ստացողին ձեզ հետ միասին ոչինչ չենք կարող բացատրել, սովալլուկ երեխային, մանուկին ոչինչ չենք կարող բացատրել, որ հայրենի կառավարությունը չի կարողանում ապահովել կամ գտնել 16,7 մլրդ դրամ»,- նշեց նա` կոչ անելով պահանջ դնել կառավարության առջև, քանի որ այլևս անցել են սոված պայքարելու տարիները: