«Ես խղճում եմ նախագահներին. նրանք երկու ամսում ծերանում են»

Ասում է նկարիչ Հարություն Զուլումյանը

Նկարիչ, կոնցեպտուալիստ Հարություն Զուլումյանը լինելով չափազանց կիրթ մարդ՝ այսօրվա արվեստագետին բնորոշում է մեկ բառով՝ բոմժ: Ժուռնալիստների, ինչպես նաև Նկարիչների միջազգային միությունների անդամ է: Մոտ 15 տարի ապրելով Մոսկվայում՝ անհատական ցուցահանդեսներ է ունեցել, զբաղվել է լրագրությամբ, ինչպես նաև հրատարակել է իր հեղինակային հեքիաթների ռուսալեզու գիրքը: Իր ստեղծագործական կյանքի դրսևորման ժամանակաշրջանը հիմնականում Ռուսաստանում է եղել, որտեղ, ի դեպ, կոնցեպտուալ արվեստն իսկապես վերելք է ապրում:

2003թ. Մոսկվայի Ա. Սախարովի անվան կենտրոնում և թանգարանում իրականացրած «осторожно, религия» ցուցահանդեսն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանում, որ մի խումբ ռուս արվեստագետների և Հ. Զուլումյանի այդ նախագիծը որպես հակակրոնական և հակաօրինական գործողություն` քննարկվեց մինչև անգամ Պետդումայում: Նրա դեմ ներկայացված դատական հայցը Մոսկվայի դատարանում քննվեց ուղիղ երկու տարի, որն ավարտվեց ցուցահանդեսի մասնակիցների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած դրան, նույնիսկ ԱՄՆ-ում քննարկված այդ նախագիծն այսօր համարվում է ռուս արվեստագետների ձեռքբերումն ու քրեստոմատիան: 1999-2000թթ. Հ. Զուլումյանը ստեղծեց նաև «Փակ քաղաք» փառատոնը, որը Մոսկվայի և Երևանի արվեստագետների շփման յուրատեսակ կամուրջ էր, սակայն այն շարունակական բնույթ չկրեց: Հ. Զուլումյանն ընդհանրապես բնույթով ուսումնասիրող է, դրա համար էլ շատ դրսևորվելու փոխարեն` նախընտրում է մշտապես նոր մասնագիտություններ ձեռք բերել, ուսումնասիրել, տեղեկատվական և գիտական պաշար կուտակել և ավելի քիչ մտածել իմացությունը «ցուցադրելու» մասին: Այսօրվա իրականությունն ավելի շատ համարում է ուսումնասիրության ժամանակաշրջան, մանավանդ, որ փակուղում գտնվող ժամանակակից արվեստագետի պրոդուկտն այս սոցիումի մեջ չի իրացվում:

Չի սիրում նաև քաղաքականության մասին հարցադրումները: Թեև մեր օրերում արվեստագետներին բոմժերի հետ է նույնացնում, այնուամենայնիվ, նախագահին խղճում է՝ «Մեղքս գալիս են նախագահները: Խոսքը միայն Սերժ Սարգսյանի մասին չէ: Գորբաչովին էլ էի խղճում: Հանկարծ հասկանում ես, որ մարդը մի քանի ամսում ծերացել է»,- ասում է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
– Արվեստն ու մշակույթը նաև իրար հակադիր բնույթ ունեն: Մշակույթը խնդիր ունի պահպանողության, այսինքն՝ որպես համակարգ պիտի հաստատվի, իսկ արվեստի խնդիրներից մեկն այն է, որ այդ սիստեմատիզացիան կոտրի և առաջարկի նոր տեսակետ, նոր քայլ: Այդ հարաբերությունը ստեղծում է այն շրջապտույտը, ցիկլը, որը շատ էական է այս երկու երևույթների համար: Ես ընդհանրապես համարում եմ, որ որպես բացարձակ հասկացողություն` հակադիր երևույթներ գոյություն չունեն, որովհետև մշտապես այդ հակադրություններն իրար լրացնելու ելք են ունենում:

Ընդ որում, իրականում տեղի է ունենում այն, ինչը գտնվում է հենց այդ երկու երևույթների՝ մշակույթի և արվեստի արանքում, և իրողությունը հենց դա է: Օրինակ, եթե դիտարկենք ժամանակի մեջ, ճիշտ նույն պատկերն է՝ ներկան միշտ անորսալի է, բայց կազմում է անմիջապես անցյալի և ապագայի հպումը: Բոլոր հարաբերությունների մեջ է այդպես՝ կին-տղամարդ, գիշեր-ցերեկ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Ինչո՞ւ «Փակ քաղաք» փառատոնը շարունակական բնույթի չեղավ, մանավանդ, որ փառատոնն ուղղված էր նաև ժամանակակից արվեստի զարգացմանը:

– Հայաստանում, դժբախտաբար, ոչ մի երևույթ շարունակական բնույթ չի ստանում, ինչը ես համարում եմ արվեստի համակարգում կարևորագույն խնդիրներից մեկը: Դա հնարավորություն չի տալիս դասակարգել և ձևավորել արվեստի դաշտը: Հետևաբար, եթե ավեստի դաշտ գոյություն չունի, ապա ստեղծված կամ ձևավորվող արժեքները հստակ արժեքավորում չեն կարող ձեռք բերել:

Այն արվեստագետը, որն իսկապես արտիստ է՝ միշտ է ստեղծագործում, որովհետև առանց դրա չի կարող ապրել: Նույնն է, որ մարդը չշնչի: Արվեստում ամեն ինչ բարդ է, որովհետև, եթե ընդամենը մի կոմպոնենտ կամ մի ռեսուրս պակասեր՝ դաշտը ձևավորելն ավելի հեշտ կլիներ: Բայց արվեստի դաշտը չի համակարգվում, որովհետև արվեստը հստակ կառույց է` իր բազմաթիվ ճիշտ հարաբերվող սեկցիաներից բաղկացած: Ցավոք, այդ հարաբերությունը չի առաջանում վերևի էշելոնից սկսած` մինչև անձամբ արվեստագետը:

Քանի որ ստեղծագործական ներդրումները հիմնականում դրսից են առաջանում, հետևաբար` այդ հարաբերությունը կոմպրոմիսային է դառնում (ոչ վատ իմաստով, այլ՝ որպես համագործակցություն դիտարկելու) և տարածքի հետ կապված՝ արժեք չի դառնում: Ֆրանսիայում ապրելու ընթացքում հասկացա, որ ի տարբերություն Հայաստանի՝ Եվրոպայում արվեստագետը կիսաստված է: Հայաստանում արվեստագետը բոմժ է:

– Ինչո՞ւ մեր հասարակությունը չի ցանկանում հարաբերվել ժամանակակից արվեստի հետ: Մարդիկ չե՞ն ընկալում, անտարբե՞ր են, թե՞ առհասարակ մերժում են:

– Ժամանակակից արվեստը որպես օբյեկտիվ արժեք՝ ձևավորված բնույթ առայժմ չի ստացել: Այն մինչ օրս համարվում է փորձարարական դաշտում իրականացող մի հասկացողություն: Այդպես ընկալվում է ոչ միայն արվեստի հետ շփվող մարդու, այլ նաև արվեստագետների կողմից:

– Բայց էքսպերիմենտալ կոնցեպցիան խանգարող հանգամանք չէ մարդկանց՝ արվեստի հետ հարաբերվելու համար:

– Փորձարարությունը շատ կարևոր բան է, որովհետև արվեստը, ինչպես նշեցի՝ նոր կատեգորիայի ձևավորման դրսևորում է: Այսինքն՝ նորի ձևավորման խնդիր է հետապնդում, հետևաբար` ինքը դեռ փորձ չունեցող հասկացողություն է, բայց պետք է դրսևորվի, որպեսզի այդ համակարգի մեջ դա համարվի արդեն ձեռք բերված երևույթ: Մարդկանց հետաքրքրում է այն, ինչն իրենք ճանաչում են:

Անծանոթ երևույթները միշտ էլ փորձում են համեմատության կարգով ճանաչելի դարձնել, իսկ եթե չի հաջողվում՝ չեն ընդունում: Յուրաքանչյուր նորարարություն չի ընդունվում: Նույնիսկ ֆրանսիացիներն Էյֆելյան աշտարակը կամ Պոմպիդուի կենտրոնը ժամանակին չէին ընդունում:

– Հայաստանում խնդիրն այլ է. մարդիկ ոչ թե չեն ընկալում էքսպերիմենտալ արվեստը, այլ՝ մշակույթի հետ առնչվելու պահանջարկ չեն զգում: Տեսե՛ք թանգարանների, պատկերասրահների, դասական համերգասրահների դատարկությունը: Գուցե մեր ինտելեկտուալ մակարդա՞կն է իջել:

– Խնդիրը շատ շերտեր ունի, չենք կարող մեկ դեղատոմսով բացատրությունը սահմանել: Առաջին հերթին` հաշվի առեք մարդկանց կենցաղը, բազում հոգսերը, որոնք չեն կարող չազդել ձեր բարձրացրած խնդրի վրա: Բացի այդ, եթե մենք կարողանանք շատ հստակ պատասխանը տալ այս հարցերի, ապա կգտնենք նաև երկիրը տրաnսֆորմացնելու, կարգի բերելու մեթոդը: Իրականում մեր երկիրը վերականգնելու համար, իմ հաշվարկով, ամենաշատը հինգ տարի է պետք: Բարդություններն այնքան ակնհայտ են, և մարդկանց միջև հետաքրքրություններն այնքան բաղաձայն են, որ ավելի շատ պայքարի խնդիր է:

– Իսկ ինչո՞ւ եք խղճում նախագահներին:

– Հեռուստատեսությամբ միշտ իրենց նայում եմ, ու մեղքս շատ են գալիս: Մարդկայնորեն եմ խղճում ու բոլոր նախագահներին՝ Սերժ Սարգսյա՞նը լինի, Ելցի՞նը կլիներ, թե՞ Գորբաչովը: Մարդը երեք ամսում այնպես է ծերանում, կարծես 20-30 տարի անցած լինի: Ես միշտ մտածում եմ՝ արդյոք այդ արտոնությունները, որ իրենք ստանում են, արժե՞ն իրենց կյանքը: Իրենք սկսում են արագ ապրել:

– Բայց ընդունված է համարել, որ նման մեծ ու պատասխանատու պաշտոնները նաև վայելքների տարածք են:

– Երեկ ասում էին՝ մեկն էսքան տրիլիոն փող ունի, բայց ես մտածում եմ՝ էդքան գումարները ո՞նց պիտի յուրացնի, կամ իր խնդիրը ո՞րն է: Այսինքն՝ խիստ աղավաղում եմ տեսնում մարդկային մտածելաձևի մեջ: Առավել ևս, ես գիտեմ, որ այդ մարդիկ ինչով որ տիրում են, նույնիսկ դրանց ռեալ արժեքները չեն գիտակցում: Օրինակ, նույնն է, թե կինոյի կամ երաժշտական արվեստին չտիրապետող մարդն ունենա շատ մեծ հնարավորություններով, մասշտաբային գործիք: Միևնույն է՝ նա չի կարողանալու ավելի լավ հասկանալ կամ լսել երաժշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս