Բաժիններ՝

Հայաստանում կզարգանա միջուկային բժշկությունը

Հայաստանում փորձ է արվում զարգացնել միջուկային բժշկությունը: Շուտով մեր երկրում կյանքի կարճ տևողությամբ (ընդամենը` 108 րոպե) ռադիոիզոտոպներ կարտադրվեն, որոնք նախատեսված են ուռուցքաբանության բնագավառում ամենաճշգրիտ դիագնոստիկայի մեթոդի համար:

Ներկայումս Հայաստանում ռենտգենյան հետազոտության և այլ մեթոդներով են որոշում ուռուցքի գտնվելու տեղը: Մինչդեռ նոր մեթոդի` ռադիոիզոտոպների միջոցով հնարավոր է մի քանի անգամ ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ հիվանդի մասին, քան մնացած հնարավոր բոլոր մեթոդների միջոցով: Ռադիոիզոտոպները հնարավորություն կտան միլիմետրերի ճշգրտությամբ որոշել ուռուցքի գտնվելու վայրը:

Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի իզոտոպերի բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանը: Նրա համոզմամբ` այսօր աշխարհում ուռուցքաբանության բնագավառում ավելի լավ դիագնոստիկայի մեթոդ պարզապես գոյություն չունի:
«Ռադիոիզոտոպների արտադրությունը բավական թանկ արժե, սակայն դրանք Հայաստանում արտադրելը մատչելի կլինի այն առումով, որ ներկայումս շատ մարդիկ նմանատիպ խնդիրներ ունենալու պարագայում գնում են արտասահման և ճանապարհածախսի, բնակվելու վայրի և այլ հարցերի վրա բավական մեծ գումարներ են ծախսում»,- ասաց Ա. Ավետիսյանը` նշելով, որ այս պարագայում կվերանան նաև ախտորոշման համար արտերկիր մեկնելու դեպքերը:

Ընդհանրապես վերջին տարիներին բժշկության ոլորտում բավական շատացել է այսպիսի մեթոդով հիվանդների ստուգման քանակը: Բացի այդ, այսօր բժշկությունն ընթանում է դեպի կյանքի ավելի կարճ տևողությամբ իզոտոպերի կիրառությունը, քանի որ կյանքի երկար ռադիոիզոտոպներ կիրառելու պարագայում իզոտոպի ակտիվությունը կարող է օրեր տևել և նույնքան ժամանակ ճառագայթել մարդուն, մինդեռ նրան ախտորոշելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի ժամ:

Կարդացեք նաև

«Իզոտոպը ներարկելուց մեկ ժամ անց լոկալանում է` որտեղ անհրաժեշտ է: Այդ է պատճառը, որը վերջին տարիներին ակտիվորեն օգտագործվում են ավելի կարճ կյանքի տևողության իզոտոպեր: Մինչդեռ, օրինակ` ես իմ բարեկամին տարել եմ բժշկի, և նրան ներարկել էին 8.5 օր կյանքի տևողությամբ ռադիոիզոտոպ:

Իսկ դա նշանակում է, որ ընդամենը 8.5 օր հետո է նրա ակտիվությունը նվազելու, այսինքն` թեև ախտորոշման համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի ժամ, բայց մարդը, փաստորեն, օրեր շարունակ ճառագայթվում է»,- ասաց Ա. Ավետիսյանը` ավելացնելով, որ 8 օր տևողությամբ իզոտոպը կարելի է արտադրել ցանկացած երկրում և արտահանել ցանկացած երկիր, մինչդեռ մի քանի ժամ կյանքի տևողությամբ իզոտոպը պետք է տեղում արտադրել:

Հայաստանյան բժշկության ոլորտում կիրառվող իզոտոպերը հիմնականում ներկրվում են արտերկրից: «Իհարկե, այժմ տարբեր տեսակի իզոտոպեր կան, որոնք լավ արդյունքներ են տալիս, սակայն կարևոր հարցը մնում է դրանց կյանքի տևողությունը»,- ասաց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի իզոտոպերի բաժնի ղեկավարը:
Ըստ մեր զրուցակցի` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ վերանորոգել են իզոտոպերի արտադրության բաժինը: Իզոտոպերի արտադրությունը կսկսվի տարածաշրջանում միակ միջուկային բժշկության կենտրոնում, որը գտնվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տարածքում:

Ազգային մրցունակության հիմնադրամի 35 մլն եվրո արժողությամբ այս գաղափարը նպատակ ունի ուղիղ հարված հասցնել երկրում մահացության մոտ 70 տոկոսի պատճառ հանդիսացող քաղցկեղային, գլխուղեղային և սրտաբանական հիվանդություններին: «Իզոտոպերի միջոցով հնարավոր է, օրինակ, սրտի արյունատար անոթների անցելիությունը ստուգել` ներարկել ռադիոիզոտոպային նյութ և գամմա ճառագայթի միջոցով նկարել սրտի արյունատար անոթների ցանցը` տեսնելու, թե ո՞ր անոթն է խցանված»,- ասաց Ա. Ավետիսյանը` ավելացնելով, որ իզոտոպերը լայն կիրառություն ունեն շատ տարբեր հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման համար:

«Այժմ հիվանդները ստիպված են հերթ կանգնել, քանի որ հիվանդանոցներն ամիսը մոտ մեկ անգամ են ստանում իզոտոպեր, մինչդեռ այստեղ արտադրելով` մենք կկարողանանք հիվանդանոցներին անհրաժեշտ քանակի իզոտոպեր մատակարարել առանց ընդմիջումների»,- ասաց Ա. Ավետիսյանը` նշելով, որ իրենք վերջին չորս տարիներին հսկայական աշխատանք են կատարել, սակայն մինչ արտադրությունը սկսելը պետք է նաև սերտիֆիկատ ստանան ՀՀ Առողջապահության նախարարությունից, Պետստանդարտից և այլ գերատեսչություններից:

Ինչ վերաբերում է բժշկության նոր մեթոդի` ռադիոիզոտոպների արժեքին, ապա Ա. Ավետիսյանն ասաց, որ դրա ինքնարժեքը երկու անգամ ավելի բարձր կլինի ներկրվածից, սակայն, եթե հաշվի առնենք ներկրվող ապրանքի մաքսային տուրքերը, սպասելաժամանակը, հիվանդանոցային հերթերը և իզոտոպի կյանքի տևողությունը, հետևաբար և` ճառագայթման տևողությունը, ապա այն ձեռնտու կլինի բնակչության համար:

Բելգիական կառավարության կողմից 4.8 մլն եվրո վարկով կառուցվող ցիկլոտրոն արագացուցիչը և ախտորոշիչ սարքավորումներն, ըստ բելգիական IBA ընկերության հետ ձեռք բերած պայմանավորվածության, 2013 թ.-ի փետրվարին արդեն Երևանում կլինեն: Ցիկլոտրոնային սարքավորումը հնարավորություն կտա դեռևս միայն ախտորոշման իզոտոպերի արտադրություն իրականացնել:

Ռադիոիզոտոպների արտադրամասի ստեղծումը ծրագրի առաջին հատվածն է միայն: Հետագայում սրան զուգահեռ` ամիսներ անց կմեկնարկի հաջորդ բաղադրիչը` ստացոնար և ամբուլատոր բուժման կլինիկայի կառուցումը: Ծրագրի երրորդ էտապում նախատեսվում է կիրառել միջուկային բժշկության մեջ կիրառվող գերժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին են, օրինակ, գամմա դանակը և գծային արագացուցչի վրա հիմնված թերապիան: Այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ է կայանում:

Նշենք, որ պետության սեփականությունը համարվող կենտրոնի կառուցումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, որն այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: Շահագործման առաջին իսկ օրվանից կենտրոնը պետական բյուջեի համար լրացուցիչ բեռ չի դառնա: Կառավարող ընկերությունը կհոգա ֆինանսական հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս