«Եթե Հայաստանում իրավիճակը լավ լիներ, մարդիկ չէին արտագաղթի»

Ասում է ԵՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Միքայելյանը

– Վերջին շրջանում իշխանությունները սկսել են ավելի շատ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Որպես տնտեսագետ` փորձագետ, ինչպե՞ս եք վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարում «վիրաբուժական միջամտությանը»։

– Ինչպես գիտեք, կա Հակակոռուպցիոն հանձնաժողով: Եթե գաղտնիք չի, ինչո՞վ է զբաղված այդ կառույցը: Բնականաբար, ոչ մի բանով: Եթե մեր իշխանությունները կարծում են, որ երկրորդ հանձնաժողովը կամ համանման այլ կառույցը պիտի ինչ-որ ավելի` գործ անի` սխալվում են:

Համենայնդեպս, ես խիստ կասկածներ ունեմ այդ նոր կառույցի գործունեության արդյունավետության վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի այն դեպքում, եթե աշխատակիցները չվերցնեն կաշառք: Գիտենք, որ կոռուպցիայի հիմնական գործոնը կաշառքն է: Եթե իշխանավորները չեն վերցնում կաշառք, նրանց աշխատակիցները նույնպես չեն վերցնի: Կամ գոնե շատ զգույշ կլինեն:

Դա չի լինի բացահայտ և համատարած: Ի վերջո, պատիժն էլ պետք է համատարած լինի, ոչ թե ընտրովի` ըստ կուսակցական պատկանելության և «նվիրվածության աստիճանի»: Սա է այն հիմնական միջոցը, որով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Բայց դե, մեր իշխանությունների դեպքում ամեն ինչը միայն խոսքով է արվում, գործով ոչինչ չի ապացուցվում: Կոռուպցիայի դեպքում պետք է գործեն օրենքները:

– Հաճախ կարծիք է հնչում, որ մեր օրենքները լավն են, պարզապես պետք է կիրառել։

– Դա ճիշտ չէ, օրենքը լավը չէ: Պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ լավ կիրառեն: Նայեք, տեսեք` ինչ է կատարվում պետական գնումների համակարգում: Հայտարարում են, որ ինչ-որ ոլորտում կոռուպցիա գոյություն ունի, կաշառք վերցրած աշխատակցին հանում են աշխատանքից,ու վերջ: Ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում: Ազատում են աշխատանքից, որոշ ժամանակ անց երևի թե մեկ այլ պաշտոնի կնշանակեն, բայց դե այդ մարդը արդեն իսկ հարստացել է և պետության և ժողովրդի հաշվին յուրացրած գումարներով սեփական բիզնեսն է հիմնում:

Սխալ է նաև այն, որ հիմա էլ փորձում են պետական գնումների համակարգի մրցույթների անցկացման գործառույթը ՏՄՊՊՀ-ին տրամադրել: Ախր այդ գործառույթը չի մտնում նրանց պարտականությունների մեջ: Աբսուրդ է նման բան անելը: Հանձնաժողովը պետք է ընդամենը վերահսկի մրցույթների անցկացման գործընթացը և ոչ թե` այն կազմակերպի: Պետք է տարբերակել խնդիրը և լուծումը: Նման քայլ կատարելը լուծում չէ:

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին բացահայտումները` պետական գնումների համակարգում, դեղորայքի շուկայում և այլ ոլորտներում կատարած խախտումների վերաբերյալ: Արդյո՞ք դա վկայում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների վճռականության մասին:

– Պետական գնումների համակարգն ամենակոռումպացված համակարգերից մեկն է: Գուցե և իրոք իշխանություններն ուզում են ինչ-որ բան փոխել, դրական շարժ գրանցել: Իրոք ժողովրդի վիճակը ծանր է: Երևի կոռուպցիայի դեմ պայքարը կօգնի մեր ժողովրդին:

Ամեն ինչ փոխկապակցված է: Արտագաղթը ահավոր մեծ թիվ է կազմում: Բայց այդ խնդիրը ոչ միայն ֆինանսական է, այլ նաև բարոյական: Հարկավոր է իրո՛ք պայքարել: Ես հույս եմ հայտնում, որ իրոք ուզում են ինչ-որ բան փոխել:

– Ներկայիս հնարավորություններով և համակարգով հնարավո՞ր է արդյոք լուրջ հաջողությունների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում։

– Կոռուպցիան 100%-ով վերացնելն անհնարին է. կոռուպցիան մարդու ձևավորման հետ մեկտեղ է ձևավորվել: Բայց մեղմացնել հնարավոր է: Վատն այն է, որ այսօր հասարակությանը սահմանազատում են` ըստ կուսակցական պատկանելության:

Նախկինում ասում էին. «Թող հատակի փայտ լինի` ՀՀՇ-ական լինի», հիմա էլ նույնն են ասում. «Թող հատակի փայտ լինի` ՀՀԿ-ական լինի»: Եթե մենք դիտարկում ենք, թե ովքեր են աշխատում մեր պետական համակարգում, և ում են պաշտոններ վստահում, այլ պատկեր ենք տեսնում:

Նման պարագայում բան փոխել անհնարին է: Նայեք Վրաստանի օրինակը: Այնտեղ Ոստիկանության, Հարկային, Մաքսային համակարգերի ներքին օղակներում վերացրեցին կոռուպցիան: Պատահական չէ, որ վերջին շրջանում ներդրումների մեծ հոսք է նկատվում վրացական բիզնես ոլորտներում (այդ թվում` Հայաստանից):

– Բայց մյուս կողմից` գնահատականներ են հնչում, որ ստվերային տնտեսությունը Վրաստանում կազմում է 67%, իսկ Հայաստանում` 51%:

– Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում այն 51 տոկոս է: Հայաստանում այն կազմում է ավելի քան 70 %: Նայած ինչ մեթոդաբանությամբ են հաշվարկներ արել:

– Վերջերս Doing Business-ը հրապարակեց իր 2013թ. զեկույցը, որում Հայաստանը 18 կետով բարձրացել է և զբաղեցրել 32-րդ տեղը: Առաջընթաց ենք գրանցել հիմնականում ներդրողների պաշտպանվածության ցուցանիշով։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

– Եթե Հայաստանում ներդրումային դաշտը լավը լիներ, մարդիկ չէին փախչի Հայաստանից: Հարկային և մաքսային մարմինները խեղդում են հայաստանյան ներդրողներին, հատկապես փոքր և միջին բիզնեսին: Նորից եմ կրկնում` եթե տնտեսության վիճակը լավ լիներ, մարդիկ չէին արտագաղթի: Հնարավոր չէ` լավ տեղից մարդիկ փախչեն: Մենք ծանր վիճակում ենք: Չեմ կարծում, որ ժողովուրդը գոհ է: Գնացողներն` իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում:

– Այս օրերին քննարկվում է 2013թ. պետբյուջեի նախագիծը։ Իշխանություններն այն անվանում են «սոցիալական»։ Ըստ Ձեզ` այն սոցիալակա՞ն է։

– Ըստ վարչապետի` սոցիալական է: Ես չեմ հասկանում՝ ինչ սոցիալական: Նվազագույն աշխատավարձն ավելացնում ես 2500 դրամով ու բյուջեի անունն էլ դնում ես սոցիալական: Այս տարի մեր բախտը բերեց այնքանով, որ գյուղատնտեսության ոլորտում բերքատվությունը բարձր էր: Սակայն մինչև տարեվերջ գյուղմթերքների գները նույնպես կաճեն: Իսկ հաջորդ տարում բերքատվությունն ինչպիսին կլինի, չեմ կարող ասել:

Տեսանյութեր

Լրահոս