Բաժիններ՝

Օմբուդսմենի առաջարկությունները՝ «Կրոնական ազատությունների մասին» օրինագծի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտրարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլ փորձագետներ: Քննարկման ընթացքում և դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:

Այսպես,  առաջարկներից մեկն է ‹‹հոգևորսություն›› հասկացությանը տալ  հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնություն»  հասկացությունը և դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։  Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ  դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։

Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։  Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միևնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներից յուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ են և համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։

Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։

Այս և օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի այլ առաջարկություններին և դիտողությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում.»:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս