Բաժիններ՝

Ո՞րն է «Մելլաթ» բանկի գաղտնիքը

Իրանական «Մելլաթ» բանկը՝ որպես հարկատու, թռիչք է ապրել։ 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ՝ բանկն այս տարի 82.2%-ով ավելացրել է հարկերը (վճարել է 888.7 միլիոն դրամ) և 1000 խոշոր հարկատուների ցանկում 169-րդ հորիզոնականից բարձրացել 77-րդ տեղը։

Նման վերելք հայաստանյան 21 բանկերից ոչ մեկը չի արձանագրել։

Մի կողմից, իհարկե, լավ է, որ տնտեսվարող սուբյեկտը հաջողություններ է ունենում և դրա արդյունքում ավելացնում հարկային մուտքերը։ Մյուս կողմից՝ կոնկրետ այս բանկի պարագայում անհասկանալի է հարկերի այսպիսի աճը։

Նշենք, որ «Մելլաթ» բանկը հիմնականում զբաղվում է Հայաստան-Իրան առևտրային գործարքները սպասարկելով, քանի որ ոչ մի ուրիշ բանկ Հայաստանում Իրանի հետ ֆինանսական գործարքներ (այդ թվում՝ փոխանցումներ) չի կատարում։ Կարելի էր ենթադրել, որ բանկի եկամուտները (հետևաբար՝ նաև հարկերը) մեծացել են երկկողմ առևտրաշրջանառության մեծացման արդյունքում։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը ոչ միայն չի աճել, այլև 2012թ. հունվար սեպտեմբեր ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով՝ 241.3 միլիոն դոլարից հասնելով 233.6 միլիոն դոլարի։

Այս տվյալների համեմատությունն ակամայից հիշեցնում է այս տարվա օգոստոսին Reuters-ի աղմկահարույց  հրապարակումը՝ «Բանկային սանկցիաները շրջանցելու Իրանի հույսը Հայաստանն է» վերնագրով։ Հիշեցնենք, որ հոդվածում հեղինակն անուղղակիորեն մեղադրում էր հայաստանյան բանկերին՝  օտարերկրյա գործընկերների հետ փողային տրանսֆերներ անելու և այդ փողային գործարքները միջազգային հետախուզական ծառայություններից թաքցնելու գործում Թեհրանին աջակցելու համար։ Հոդվածում նշվում էր, որ չնայած հայ պաշտոնյաների հավաստիացումներին առ այն, որ Իրանի հետ որևէ ապօրինի բանկային գործարք չի իրականացվում,  այդուհանդերձ, Իրանին բանկային գործարքների իրականացման օժանդակության հարցում ամենահարմար երկիրը Հայաստանն է, որը սահմանակից է Իրանին, և որի օրենսդրությունն ունի մի շարք թերություններ, որոնք թույլ կտան շրջանցել օրենքը: Այս համատեքստում Reuters-ն առանձնացրել էր «Մելլաթ» բանկը՝ հիշեցնելով, որ «Մելլաթի» դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է սկսած 2007 թ.-ից:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկը պատասխանեց այդ հրապարակմանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով ԿԲ վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, ԿԲ նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանակներում: Իսկ կոնկրետ «Մելլաթի» մասով ՀՀ ԿԲ-ն նշել էր.

««Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ»:

Բանկի գործառույթների և ակտիվների նվազման ֆոնին հարկերի ավելացումն ավելի տարօրինակ է թվում։ Սակայն զերծ կմնանք դավադրությունների տեսությունից։ Եվ, քանի որ, ինչպես նշեցինք, Իրանի հետ արտաքին առևտրի ծավալները նվազել են, մնում է ենթադրել, որ իրանցի զբոսաշրջիկները և ուսանողները սկսել են ավելի ակտիվ գումարներ ստանալ Իրանից և ծախսել Հայաստանում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս