ԲՀԿ-ի առաջարկը տանում է մաֆիոզացմա՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն` անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ, այսօրվա ասուլիսում ասաց.

«Երբևէ չեմ մերժում, որ մեր հանրապետությունը կարող է նույնիսկ ընտրել այդ մոդելը, բայց խորապես համոզված եմ, որ այդ մոդելին անցնելու համար կա կարևոր և խիստ նախապայման` դա քաղաքական կուսակցությունների կայացած լինելն է, այսինքն` քանի դեռ մեր կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարությունը` որպես լրջագույն  ինստիտուտ, քաղաքական կառույցի գործունեություն երաշխավորած ինստիտուտ, կայացած չէ, քանի դեռ մեր կուսակցությունները տեսանելի, թափանցիկ և մեկնած ձեռքի հեռավորության վրա մատչելի  չեն հասարակության համար, իսկ մենք այդպիսի պրոբլեմներ ունենք, ապա այդ կուսակցությունների հետ  կապել երկրի երկարաժամկետ կառավարման հեռանկարները` դեռևս վաղաժամ է»:

Խ. Հարությունյանի խոսքով` իր համար տարօրինակ է կառավարման այդ համակարգին անցնելու ցանկության հապճեպությունը:

«Այնքան հապճեպ է այս ամենն արվում, կամ գոնե այդպես ենթադրվում է, որ ակամայից սկսում ես մտածել, որ նպատակը, այդուհանդերձ, այդ փոփոխությունները չեն: Քաղաքական զարգացումների այս փուլում միգուցե հիմնական խնդրից շեղվելու, որոշ հարցերի պատասխանատվությունից խուսափելու հնարք է: Չեմ կարող դա պնդել, բայց այդպիսի տպավորություն ևս կա»,- նշեց Խ. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյո՞ք այդ ամենի ետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հարությունյանը պատասխանեց. «Չի բացառված, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ի կողմից բավական սերտ համագործակցություն կա, ապա դա բացառված չէ:

Այստեղ որևէ դավադրություն չեմ տեսնում, խնդիրն այլ է: Գտնում եմ, որ պետական կառավարման համակարգի  նման արմատական փոփոխություններին կարելի է անցնել  միայն լուրջ պատրաստվելուց հետո: Եվ ոչ թե այնպես, որ մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ, և 2013թ. սկսում ենք անցնել այդ համակարգին: Սա, կներեք, անչափ հապճեպ է, որ նույնիսկ ոչ լուրջ նախաձեռնության տպավորություն է թողնում»:

168.am-ի հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ինքը չի մասնակցելու այդ կոնսուլտացիաներին, Խ. Հարությունյանը պատասխանեց.

«Եթե ԱԺ-ում հրապարակային քննարկումներ, լսումներ լինեն, ապա անկասկած կմասնակցեմ: Ես ինքս դեմ եմ դրան, և գտնում եմ, որ դա ժամանակավրեպ է: Ես ձեզ կարող եմ ավելին ասել. չկայացած քաղաքական կուսակցություններով կառավարման համակարգի ձևավորումը շատ լուրջ վտանգներ ունի իր մեջ. Կարող է բերել ոչ օրինական տնտեսական կառույցների, որ դրսում ասում են` մաֆիոզ կառույցներ, ազդեցություն իրացնելու  լավագույն հնարավորությունների, այսինքն` որպեսզի ես չչարչարվեմ, գնում եմ իբր արդեն կայացած կուսակցության ղեկավարության  մոտ և խնդիրներս լուծում եմ:

Սա տանում է  քաղաքական և սոցիալական կյանքի մաֆիոզացման: Երկրորդ` այդպիսի չկայացած քաղաքական կառույցներով պետական կառավարման համակարգի ծանրություն վերցնելը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից: Մենք ամբողջ կոնտեքստը պետք է նայենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս