Դատավարության ձգձգումը` որպես նյարդերը սղոցելու միջոց
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Հովակիմյանը մեղադրվում է գյուղնշանակության 30հա հողատարածք կառուցապատման իրավունքով վարձակալության տալու մեջ:
Մինչդեռ Հովակիմյանի ներկայացրած փաստաթղթերով և քարտեզներով այդ տարածքը գտնվում է նախկին Կիրովի սովխոզի վարչական տարածքում և քարտեզագրված է` որպես արտադրական նշանակության տարածք: Հովակիմյանին մեղադրանք է ներկայացվել Արարատի մարզպետարանի հողաշինարար Արտավազդ Օրդոյանի ցուցմունքների հիման վրա:
Մինչդեռ Օրդոյանը դատարանում հայտարարել է, որ ինքը մասնագիտությամբ հողաշինարար չէ, և ընդամենը մեկ ամսով մասնակցել է հողաշինարարների համար նախատեսված դասընթացների: Հենց այդ պատճառով նա դատարանում չի կարողանում ապացուցել Հովակիմյանի մեղավորությունը: Հովակիմյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանում միջնորդել է հրավիրել փորձագետի, ով այդ ոլորտի լավագույն մասնագետ է, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Ավելի քան տարօրինակ դիրքորոշում է դրսևորում մեղադրող Հարություն Հարությունյանը: Երեկվա դատական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ ինչ փաստաթղթեր էլ ներկայացնի Հովակիմյանը, միևնույն է, ինքը դա հիմք չի ընդունելու և ներկայացված մեղադրանքը չի փոխելու: Հովակիմյանի դատավարությունը ձգվում է մեկ տարուց ավելի:
Տեղի է ունեցել մոտ 40 դատական նիստ: Եթե մեղադրանքը կանխորոշված է, իսկ դատավորը չի ուզում լսել փորձագետի, ով կարող է ապացույցներ ներկայացնել Հովակիմյանի անմեղության վերաբերյալ, ապա ինչո՞ւ են ձգձգում դատավարությունը, և չեն հրապարակում կանխորոշված դատավճիռը: