Հովիկ Աբրահամյանը՝ շտաբում, ԲՀԿ-ն` փողոցում
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում Հովիկ Աբրահամյանի նշանակումը գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական պետի պաշտոնում, մեղմ ասած, տարօրինակ էր: Ոչ թե Հովիկ Աբրահամյանի անձի մասով, այլ այն պատճառով, որ նա դե ֆակտո դարձել է մի մարդու նախընտրական շտաբի պետ, ով դեռևս պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Դա, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ համագումարում: Ուրեմն ինչո՞ւ այդ համագումարից ու Ս. Սարգսյանի առաջադրումից մեկուկես ամիս առաջ հայտարարվեց նախընտրական շտաբի պետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին:
Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ դրա պատճառն, ըստ ամենայնի, ԲՀԿ-ի հետ բանակցություններում ինչ-որ հանգրվանի հասնելու հանգամանքն է: Եթե անգամ այդ բանակցությունները չեն ավարտվել, ապա Հ. Աբրահամյանի նշանակումը Սերժ Սարգսյանի շտաբի պետի պաշտոնում կարող է համարվել դրանց շարունակականության երաշխիքը:
Գործող նախագահի շտաբի պետը Հայաստանում, ինչպես հայտնի է, շատ որոշակի նշանակություն ունի, և Ս. Սարգսյանի վերընտրվելու դեպքում դա կարող է Հովիկ Աբրահամյանի համար ապահովել բաղձալի վարչապետի պաշտոնը, որը, ինչպես հայտնի է, բաղձալի է ոչ միայն ԱԺ գործող նախագահի, այլ նաև ԲՀԿ-ի համար: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո այդ պաշտոնը հատկացնել ԲՀԿ-ին` պայմանով, որ այն կզբաղեցնի Հովիկ Աբրահամյանը, ով իրականում շատ ավելի ԲՀԿ-ական է, քան գործող ԲՀԿ-ականներից շատերը:
Անցած խորհրդարանական ընտրություններից հետո Հ. Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում` ԲՀԿ-ի՝ կոալիցիայի անդամ դառնալու դիմաց, կրկին շատ հավանական էր համարվում:
Հ. Աբրահամյանի` Ս. Սարգսյանի շտաբի պետ դառնալն, իհարկե, միանշանակ չի ենթադրում, որ ԲՀԿ-ն անպայմանորեն կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչպես ենթադրում են ոմանք: Թերևս, ավելի հավանական է ընտրություններում ԲՀԿ-ի «չեզոքության» տարբերակը, որի մասին ևս առիթ ունեցել ենք գրելու:
Դրա համաձայն, ընտրություններում ԲՀԿ-ն որևէ թեկնածու չի առաջադրի և չի սատարի որևէ թեկնածուի: Սակայն ի՞նչ է անելու այդ դեպքում ԲՀԿ-ն` մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը, ընտրություններում մոտ 500 հազար ձայն ստացած ուժը: Այլ կերպ ասած` ո՞ւմ համար է աշխատելու ԲՀԿ-ի ռեսուրսը` հանրապետության ողջ տարածքում առկա տարածքային գրասենյակները, ԲՀԿ-ի համար «աշխատող թաղի տղերքը»: Հովիկ Աբրահամյանի շտաբիպետությունն, իհարկե, մեծ չափով կլուծի այդ խնդիրը, այսինքն` ԲՀԿ-ի ընտրական ռեսուրսը «տակից» կաշխատի Սերժ Սարգսյանի համար:
Սակայն, եթե ԲՀԿ-ն պաշտոնապես չհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ապա պետք է փորձի հնարավորինս աննկատ պահել Սերժ Սարգսյանի օգտին սեփական ռեսուրսների ծառայեցման փաստը: Այսինքն` ԲՀԿ-ի ձայների ու ընտրական ռեսուրսի մի մասը մնալու է ազատ, ինչին էլ, ըստ ամենայնի, ապավինում է Հայ ազգային կոնգրեսը՝ ԲՀԿ-ի հետ կապված իր հաշվարկներում ու ակնկալիքներում:
ՀԱԿ-ում գնալով մեծամասնություն են կազմում այն գործիչները, ովքեր արդեն բացահայտորեն են խոսում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, դա համարում են «հասարակության հույսը վերականգնելու միակ բանալին»: Իսկ ՀԱԿ-ամերձ մամուլի ոգևորությունը ԲՀԿ-ի ցանկացած քայլի, որևէ ԲՀԿ-ականի կողմից ՀԱԿ-ի մասին ասված թեկուզ մեկ դրական նախադասության վերաբերյալ, դառնում է սովորական երևույթ: Ընդ որում, ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից հնչող կարծիքներում շեշտադրումն այն է, որ ԲՀԿ-ն պետք է պաշտպանի ՀԱԿ-ի թեկնածուին և ոչ թե՝ հակառակը: ՀԱԿ-ի վերնախավը շարքերին փորձում է հենց դա ապացուցել` Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, և ԲՀԿ-ն էլ կպաշտպանի նրա թեկնածությունը:
Հարց է առաջանում` ո՞րը կարող է լինել այդ դեպքում ԲՀԿ-ի դրդապատճառը, ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ն վտանգի իշխանության հետ «համերաշխությունը»՝ հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի սատարման:
Առավել ևս, որ Տեր-Պետրոսյանը` առաջադրվելու դեպքում, չի լինելու հաղթող թեկնածուն, այնպիսի թեկնածու, ինչպիսին էր 2008 թվականին: Այս հարցերի պատասխանները պետք է փնտրել, թերևս, Հայաստանի ներքաղաքական դաշտից դուրս, արտերկրում, որտեղ վերջին ամիսներին ԲՀԿ նախագահն ավելի հաճախ է լինում, քան հայրենիքում: Այդ մասին երեկ բաց տեքստով հայտարարել է ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը` ասելով, որ ԲՀԿ-ի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե ԲՀԿ-ում, այլ դրսում` Ռուսաստանում: Նույն ասուլիսում Շահնազարյանն ակնարկել է նաև, որ ՀԱԿ-ը դարձել է ԲՀԿ-ի արբանյակներից մեկը:
Այսինքն` խոշոր հաշվով, ՀԱԿ-ի վերաբերյալ որոշումները ևս կարող են կայացվել դրսում` Ռուսաստանում: Տրամաբանական է, որ այդ երկու ուժերի համագործակցության վերաբերյալ որոշումը նույնպես կարող է կայացված լինել Ռուսաստանում: Դա ՀԱԿ-ԲՀԿ անբնական, անտրամաբանական համագործակցության, թերևս, ամենաիրատեսական բացատրությունն է: Ռուսաստանը մեր քաղաքական ուժերի համար այնքան «զորեղ» է, որ հանուն նրա կարելի է հաղթահարել ցանկացած տարաձայնություն ու ոտնահարել ցանկացած սկզբունք:
Այսինքն` այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իշխանության հետ «համերաշխանալուց» հետո ԲՀԿ-ն պետք է աջակցի նաև ՀԱԿ-ին, անհրաժեշտ է փնտրել Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռուսաստանի շահերի տիրույթում: Անկախ նրանից՝ ինչպիսին կլինի Ռուսաստանի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի թեկնածության նկատմամբ, նույնիսկ նրան վերջնականապես «սատարելու» դեպքում, ռուսները Երևանի «փողոցը» չեն կարող թողնել ճակատագրի քմահաճույքին:
Հատկապես, որ այսօր իրավիճակը շատ երերուն է, ու անգամ ամենաբարձր մակարդակով Ռուսաստանին հավատարմության երդում տալու դեպքում էլ՝ Հայաստանի իշխանությունները կարող են «խաղեր» տալ Արևմուտքի հետ: Համենայնդեպս, այդպիսին է հայաստանյան քաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի իշխանական վերնախավի ընկալումը: Ու հենց «փողոցն» անհրաժեշտության դեպքում օգտագործելու նպատակով է ռուսներին անհրաժեշտ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը:
Այս մասին են անուղղակիորեն վկայում նաև ՀԱԿ-ի շրջանակներից հնչող կարծիքները` առաջիկայում ՀԱԿ-ԲՀԿ համատեղ հանրահավաքի վերաբերյալ: ԲՀԿ-ականներն արդեն մասնակցել են ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կազմակերպված բողոքի ակցիային: ՀԱԿ-ում արդեն սկսել են հույսեր փայփայել, որ ԲՀԿ-ականները կմասնակցեն նաև ի պաշտպանություն ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպվելիք հանրահավաքին: