Ճամբարակի ոստիկանները «Ախթամար» ռեստորանի մոտ վնասազերծել են ավտոառևանգողներին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները 1 ժամվա ընթացքում բացահայտել են Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավտոառևանգումը:
Ինչպես Ճամբարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Սասուն Հարությունյանի, Անդրանիկ Արամյանի գլխավորությամբ, ինչպես նաև օպերատիվ խմբում ներգրավված քրեական հետախուզության օպեր-լիազորներ Գոռ Գրիգորյանի, Գևորգ Հովակիմյանի և Անչափահասների գծով տեսուչ Արտաշես Միքայելյանի մասնակցությամբ, Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, «Ախթամար» ռեստորանային համալիրի մոտ, շուրջկալ օպերացիայի արդյունքում վնասազերծել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչներ՝ 34-ամյա Արա Սևանյանին և 43-ամյա Արա Նիկողոսյանին: Վերջիններս եղել են «Վազ 2106» մակնիշի 34 ԼՍ 938 համարանիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ոստիկանները փորձել են նշված անձանց տեղափոխել Ոստիկանության Ճամբարակի բաժին, նրանք սկսել են դիմադրություն ցույց տալ և հայհոյանքներ տեղալ: Այնուամենայնիվ, նրանք բերման են ենթարկվել Ոստիկանությասն Ճամբարակի բաժին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 23:50-ի սահմաններում, Ոստիկանության Ճամբարակի բաժնի անչափահասների գործերով տեսուչ, 25-ամյա Արտաշես Միքայելյանը հայտնել է ոստիկանությանը, որ 10 րոպե առաջ Տիգրան Մեծի 13/14 շենքի բակից անհայտ անձը կամ անձինք առևանգել են իրեն պատկանող «Վազ 2106» մակնիշի 34 ԼՍ 938 համարանիշի ավտոմեքենան: Նույն պահին Ճամբարակի ոստիկանապետ Գևորգյանի կողմից ստեղծվում է օպերատիվ խումբ, ինչի արդյունքում էլ 1 ժամվա ընթացքում ավտոառևանգողները հայտնաբերվում են գողացված ավտոմեքենայով հանդերձ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սևանյանը նախկինում եղել է 2 անգամ դատապարտված, իսկ Ա. ՆԻկողոսյանը՝ 3:
Փաստի առթիվ Ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com