««Արմավիայի» պարտքի հետ կապված արվում են հաշվարկներ». «Զվարթնոցի» ներկայացուցիչ
««Արմավիա» պաշտոնական ավիափոխադրողը մարել է իր պարտքը «Զվարթնոց» օդանավակայանին, և, արդեն մի քանի օր է,«Արմավիայի» ինքնաթիռները սպասարկվում են օդանավակայանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ հավելելով, որ ընկերությունը կատարել է պայմանավորվածության համաձայն իր մարումները և օրական գումար է փոխանցում «Զվարթնոց» օդանավակայանի հաշվին՝ ընդհանուր պարտքը մարելու նպատակով: «Մենք մեկ միլիոնը մարել ենք, և պարտքի գումարն այժմ կազմում է 2 միլիոն 360 հազար դոլար: Մենք արդեն այդ գումարից ենք մասնակի վճարում՝ մարելու նպատակով»,- մեզ հետ զրույցում ասաց Ն.Ավետիսովան:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց օդանավակայանի կողմից «Արմավիայի» ինքնաթիռների սպասարկման փաստը և հավելեց. «Վերջնական պարտքի մասին տեղեկություններ կտանք վաղը՝ ամսի 23-ին, քանի որ վերջնական հաշվարկները դեռևս արվում են, սակայն այս պահին «Արմավիայի» ինքնաթիռները սպասարկվում են նորմալ»:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվեց սպասարկել «Արմավիայի» չվերթերը, քանի որ պարտքը թույլատրելի շեմը գերազանցում էր 1 միլիոն դոլարով: