Հայ մոդելավորողը ներկայացրեց իր հավաքածուն
Դիզայներ, մոդելավորող, նկարիչ Ալիսա Հարությունյանը ներկայացրեց հագուստների իր անհատական հավաքածուն: Հոկտեմբերի 15-ին հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ ծանոթանալ հայ դիզայներների աշխատանքներին: Ցուցադրվեցին թվով 27 հագուստներ, որոնք կրում էին «Հավերժություն» խորագիրը:
168.am-ի հետ զրույցում դիզայներ, մոդելավորող, նկարիչ Ալիսա Հարությունյանը պատմեց, որ Իսպանիայում տեղի ունեցած ցուցադրությունից հաղթանակով վերադառնալուց հետո որոշեց հավաքածուն ցուցադրել նաև Երևանում: «Մեծ աշխատանք է տարվել զգեստներն ու ամբողջ նախապատրաստական աշխատանքները կատարելու համար: Շուրջ երկու ամսվա բուռն աշխատանքները ներկայացվեցին հանդիսատեսին:
Մանրակրկիտ աշխատանք էր կատարել նաև Լիլիթ Արշակյանը: Նա մեր մոդելների շրթունքները ներկելու համար օգտագործել էր հատուկ քարեր, որոնք ավելի արտահայտիչ էին դարձնում աղջիկների կերպարները: Ցուցադրությունները շարունակական են լինելու: Իսպանիայից արդեն առաջարկ ունեմ: Հաջորդ տարի ևս իմ անհատական, նոր, ժամանակակից ոճով ձևավորված հանդերձներով կգնամ Իսպանիա»,- ասաց Ալիսա Հարությունյանը:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի