Ոչ ոք չի կարող իմանալ, թե իրականում ինչ արժեք ունի դեղը. ռուս պրոֆեսոր

Ոչ ոք չգիտի, թե դեղերի ստեղծման վրա որքան գումար են ծախսում: Ընդհանրապես դեղի գինը որոշվում է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Դեղերի շուկան ընդհանրապես դժվար է ճշգրիտ որոշել: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր Վասիլի Վլասովը: Ըստ նրա՝ դեղերի գները կամայական են ընտրվում, և դեղ արտադրողը կարող է դրա համար ցանկացած գին նշանակելը:

«Եթե մարդը հիվանդ է, նա ճանապարհ չունի, և նրան ոչինչ չի մնում անել, քան տվյալ դեղի ձեռքբերումը, իսկ որպես կանոն՝ հիվանդանում են մարդիկ, ովքեր գումար չեն ունենում: Ավելին`  նրանք ժամանակ չունեն անգամ գումար որոնելու համար»,- ասաց Վ. Վլասովը՝ ավելացնելով, որ այդ պատճառով մարդը, որը հիվանդացել է, պետք է միանգամից բժշկական օգնության դիմի և օգնություն ստանա: Իսկ դրա համար լավ տարբերակը նախապես վճարելն ու բժշկական ապահովագրություն ձեռք բերելն է: Կամ էլ` հարկերի մշտական վճարումն է, ինչպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում է, որտեղ մարդիկ վճարում են հարկերը և անվճար բժշկական օգնության հնարավորություն ունեն: Խոսքը ոչ թե բժշկական ապահովագրության մասին է, այլ հենց պետական հարկային համակարգի, որը ֆինանսավորում է առողջապահության համակարգը:

«Այդ համակարգը շատ լավ է աշխատում, քանի որ հակառակ պարագայում, եթե վճարովի է բժշկությունը և դեղերը, ապա ստացվում է, որ հարուստները կարողանում են վճարել, իսկ աղքատները չեն կարողանում վճարել և բուժօգնություն ստանալ: Այսինքն՝ եթե մարդը կարողանում է դեղ գնել, ապա գնում է, եթե չի կարողանում գնել` չի գնում, և վերջ»,- ասաց Վ. Վլասովը:

Նրա խոսքով՝ եթե տարբեր այլ ապրանքների պարագայում մենք կարող ենք այն համեմատելով՝ գնել մեկ այլ վայրից և շատ ավելի մատչելի գնով, ապա դեղի իրական արժեքը մենք երբեք չենք կարող իմանալ, քանի որ այդ դեղը մի արտադրողի ձեռքում է, և նրանք վաճառում են այն գնով, որով իրենք ցանկանում են վաճառել այդ դեղը: «Ընդհանուր առմամբ` բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, իսկ բիզնեսում, ինչպես գիտեք,  կարևորը շահույթն է, այլ նպատակներ չկան»,-ասաց  Վ. Վլասովը:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս