«Եթե մենք 1934թ. Փարիզի և 1964թ. ԱՄՆ-ի չափ չկանք, ուրեմն ցավում եմ մեր հասարակության այսպիսի վիճակի համար»
Աշխարհահռչակ գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպի հայերեն թարգմանված հրատարակության շուրջ առաջացած աղմուկի մասին ասաց «Անտարես» գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը
Այսօրվանից երևանյան գրախանութներում կարող եք գնել Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը` հայերեն թարգմանությամբ: Թարգմանությունը՝ անգլերենից, և ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի: «Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս ինքնակենսագրական վեպը, որ պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում:
Միայն դատարանի պատմական վճիռը, որ փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝ ազատության նոր դարագլուխ բացելով գրականության մեջ, թույլ տվեց հրապարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը՝ երբևէ գրված, թերևս, ամենաանկեղծ գիրքը»,- այսպես է ներկայացվում ստեղծագործությունը:
Գիրքը հրատարակվել է «Անտարես» հոլդինգի ջանքերով և այսօր արդեն կտարածվի բոլոր գրախանութներով: Գրքի փափուկ կազմով տարբերակը կվաճառվի մոտ 4000 դրամով, իսկ կոշտ կազմով տարբերակը` 5900 դրամով: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում՝ 1934 թ., սակայն տեղի իշխանությունների կողմից այն դիտարկվել է՝ որպես պոռնոգրաֆիա, և արգելվել է գրքի ֆրանսերեն տարբերակի վաճառքը: 1964թ. այն ի վերջո անգլերեն լեզվով հրատարակվել է ԱՄՆ-ում:
168.am-ը զրուցեց «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, ով գրքի շուրջ սպասվելիք խոսակցություններին անդրադառնալով՝ ասաց. «Շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Կարծում եմ, որ կեղծ բարեպաշտները կփորձեն քննադատել գիրքը` այն համարելով պոռնոգրաֆիկ նյութ: Բայց ես կարծում եմ, որ այս գիրքը կլինի մեր հասարակության կեղծ բարեպաշտների վերջի սկիզբը: Անգամ դատական իշխանությանն այս գիրքը կարող է օգտակար լինել: Այսօր մեր դատարաններում, մեր օրենքներով արգելված է հայհոյել, և հայհոյանքի համար մարդկանց դատում են: Իսկ դատավորը չիմանալով, թե ինչ բառերից է բաղկացած եղել այդ հայհոյանքը՝ կարող է մարդուն տուգանել կամ դատապարտել: Այն դեպքում, երբ դատավորը չգիտի հայհոյանքի իմաստն ու օգտագործված բառերը: Այսպիսի պարադոքսային վիճակում ենք մենք այսօր գտնվում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա մտավախություն հայտնեց, որ այս գիրքը կարող է մի քանի խոշոր պաշտոնյաների մոտ խնդիրներ առաջացնել: «Մենք մտավախություն ունենք, որ այս գիրքը որոշ դեգեներատ պաշտոնյաներ կփորձեն ներկայացնել՝ որպես պոռնոգրաֆիկ ստեղծագործություն: Եթե մենք 1934թ. Փարիզի և 1964թ. ԱՄՆ-ի չափ չկանք, ուրեմն ցավում եմ մեր հասարակության այսպիսի վիճակի համար»,- ասաց «Անտարեսի» ղեկավարը: Այս ընթացքում թարգմանիչ Զավեն Բոյաջյանը համացանցում շնորհակալություններ է ստանում հրաշալի այդ ստեղծագործության թարգմանության համար: Մոտ մեկ ամիս հետո տեղի կունենա գրքի շքեղ շնորհանդեսը: «Այն անցկացվելու է 1930-ականների ոճով և կլինի առաջին շնորհանդեսը, որի մուտքը կլինի վճարովի կամ գրքով: Նախատեսում ենք միջոցառումն անցկացնել քաղաքի թատրոններից մեկի ձմեռային այգում: Շնորհանդեսի այցելուների համար կսահմանենք նաև հատուկ dress-cod»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: