Բաժիններ՝

Դոլարի գինը կհասնի՞ 480-ի

Փոխարժեքը կանխատեսելն ամենաանշնորհակալ գործն է, որից խուսափում է թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկը։ Սակայն բյուջեն հաշվարկելիս, դրա հիմքում պետք է, այսպես թե այնպես, դրված լինի որոշակի ենթադրություն. փոխարժեքը կարևոր ազդեցություն ունի բյուջեի վրա, և այն «արհամարհել» չի լինի։ Կառավարությունը հարցը լուծում է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացվում է լողացող փոխարժեքի սկզբունքի հիման վրա, իսկ Կենտրոնական բանկը և Ֆինանսների նախարարու­թյունը փոխարժեքի կանխատեսումներ չեն իրականացնում, յուրաքանչյուր տարվա բյուջեի հիմքում դրվում է փոխարժեքի անփոփոխ (որոշակի պահի դրությամբ) մակարդակի պահպանման ենթադրու­թյուն»,- նշվում է 2013թ. բյուջեի ուղերձում։

Սակայն, սրա հետ մեկտեղ, կառավարությունը չի բացառում, որ դրամը կարող է արժեզրկվել։ Ավելին, կառավարությունն անգամ կանխատեսել է դրամի արժեզրկման վերին, հավանական շեմ՝ 20%։ «Հաշվի առնելով, որ պատմականորեն և արժևորման, և արժեզրկման ուղղությամբ փոխարժեքի մեկանգամյա փոփոխությունները չեն գերազանցել 20%-ը, որպես ռիսկ է դիտարկվել առավելագույնը դրամի 20% արժեզրկումը: Այս գնահատականը համապատասխանում է նաև պարտքի կայունության վերլուծության հիմքում դրվող գնահատականին»:

Այս պահին տարվա միջին փոխարժեքը (հունվար-օգոստոս) կազմում է շուրջ 400 դրամ։ Մինչև տարվա վերջ այն դժվար թե թռիչքաձև բարձրանա կամ նվազի։ Դա նշանակում է, որ կառավարությունը թույլատրելի է համարում հաջորդ տարվա ընթացքում դրամի արժեզրկում՝ մինչև 1 դոլարը 480 դրամ։ Այդ շեմը, ըստ Ֆիննախի, վտանգավոր չէ պարտքի սպասարկման տեսանկյունից։

Ավելին, կառավարությունը գտնում է, որ դրամի արժեզրկումից բյուջեն կշահի, քանի որ պետական բյուջեի արտարժույթի տատանումներով պայմանավորվող արտարժութային ներհոսքն ավելին է, քան արտահոսքը։ Սա նշանակում է, որ փոխարժեքի արժեզրկման պարագայում բյուջեի պակասուրդի ֆինանսավորման պահանջը կնվազի: Ըստ գնահատականների՝ փոխարժեքի յուրաքանչյուր 1 %-ով արժեզրկմանը համապատասխանում է բյուջեի զուտ մուտքերի ավելացում 0.5 մլրդ դրամով: Հետևաբար, փոխարժեքի 20%-ով արժեզրկման ռիսկի դրսևորման դեպքում այլ հավասար պայմաններում բյուջեն կարող է ունենալ 10 մլրդ դրամ լրացուցիչ մուտք»,- նշված է բյուջետային ուղերձում:

Կարդացեք նաև

Այնպես որ, ոչինչ չի կարելի բացառել ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ տնտեսության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս