Միայն տհաճ լուրեր
Տնտեսության մասին գրող մեր գործընկերները կհամաձայնեն, որ վերջին շրջանի տնտեսական լրահոսում գերակշռում են հատկապես բացասական լուրերը՝ ատկատներ, գոմեշի միս, դեղորայքի շուկայում յուրացումներ, և այլն։
Լրագրողների տեսանկյունից սա զարմանալի չէ։ Լրագրողները միշտ էլ հակված են լուսաբանելու բացասականը, վեր հանելու խնդիրները։ Սակայն այն, որ իշխանական թևում նույնպես սկսել են շեշտը դնել բացասականի վրա` արդեն նոր երևույթ է։
Նախ՝ նշենք, որ իշխանության ցանկացած քայլ, առավել ևս՝ հրապարակային ցանկացած քննարկում ու ելույթ, միշտ ընկալվում է որպես նախընտրական PR։ Ընդ որում, իշխանություններն իզուր են նեղսրտում, երբ այդ մասին նշվում է մամուլում։ Ի վերջո, ընդունված ճշմարտություն է, որ իշխանությունն ընտրվելուց հետո մի քանի տարի աշխատում է առաջին հերթին՝ մեկ նպատակով՝ հաջորդ անգամ ընտրվելու։ Այս առումով «փիառային» բաղադրիչը, բնական է, որ պետք է առկա լինի իշխանության բոլոր գործողությունների մեջ։ Սակայն փոխվել են մոտեցումները։ Իշխանությունը հասարակության համակրանքը ցանկանում է շահել ոչ թե դրական նախաձեռնություններով, այլ բացասական երանգ ունեցող երևույթները վեր հանելով։ Դրա համար էլ վերջին շրջանում իրոք լուրջ դրական նախաձեռնությունների մասին այդքան էլ հաճախ չի խոսվում։ Բավարարվում են՝ մերթընդմերթ պաշտոնական վիճակագրության դրական ցուցանիշների մասին հիշատակելով։ Կամ՝ երբ պաշտոնական վիճակագրությունն աճ է արձանագրում, ապա ոլորտի ղեկավարները ոչ թե գովասանքի են արժանանում, այլ հակառակը՝ խիստ քննադատության՝ ավելի լավ արդյունքներ չարձանագրելու համար։
Այս գործելաոճն էապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի գործելաոճից։ Նախկին նախագահին քննադատում էին կարմիր ժապավեն կտրելու նկատմամբ հատուկ սեր ունենալու համար։ Այսինքն՝ Քոչարյանը շեշտը դնում էր դրական PR-ի վրա՝ շեշտելով, առաջին հերթին, ձեռքբերումները։ Սերժ Սարգսյանը (մանավանդ՝ հիմա) որդեգրել է այլ մոտեցում՝ վեր հանել խնդիրները։
Ո՞րն է սրանցից ավելի արդյունավետ։ Ըստ ամենայնի, նախագահի PR թիմը հաշվարկել է, որ վերջին տարբերակն ավելի ազդեցիկ է՝ հաշվի առնելով, որ բնակչության վստահությունն իշխանության նկատմամբ ցածր է, և «ձեռքբերումներին» մարդիկ գրեթե չեն հավատում։ Որքան էլ զարմանալի թվա, Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունն ավելի մեծ էֆեկտ ունի և կարող է ավելի շատ ձայն ապահովել, քան, ասենք, որևէ մեծ գործարանի կառուցումը պետական աջակցությամբ։ Բացի այդ՝ նման գործելաոճով Սերժ Սարգսյանն իրեն ավելի է հեռացնում Ռոբերտ Քոչարյանից։
Սակայն, խնդիրն այն է, որ «պատժիչ գործողությունների» արդյունավետությունը չի կարելի գերագնահատել։ Որովհետև, նախ՝ հասարակությանը համոզիչ չի թվում իշխանության վերին օղակների անկեղծությունը. մարդիկ չեն հավատում, որ խախտումների և յուրացումների մասին իմացան հենց հիմա։ Դժվար թե Վազգեն Խաչիկյանի յուրացումների մասին, օրինակ, իշխանությունը միայն հիմա իմանար: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի կողմից մինչև 2010թ. հոկտեմբերն ընկած եռամյա ժամանակահատվածին վերաբերող` ընտրանքային ստուգումներ էին իրականացվել Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14-ում, ինչի արդյունքում հայտնաբերվել էին բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներ: Եվ այդ ստուգումների արդյունքների մասին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր դեռևս 2011թ. մարտի կեսերին: Խաչիկյանը, սակայն, ձերբակալվում է 2012թ. սեպտեմբերի 28-ին, ՀՀ նախագահական ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ:
Եվ երկրորդ, կոռուպցիայի դեմ պայքարի ետևում շատերը տեսնում են, առաջին հերթին, անցանկալի անձանցից ազատվելու և իրավական դաշտից դուրս գտնվող խնդիրները լուծելու նպատակ։ Օրինակ՝ առողջապահության ոլորտում կատարվող ստուգումների համատեքստում շրջանառվում է նախկին նախարարի անունը։
Սակայն, բացի զուտ PR-ային տեսանկյունից, այս մոտեցումն ունի նաև մեկ այլ՝ ավելի առարկայական վտանգ իշխանության համար։ Պատժիչ գործողությունների արդյունքում թուլանում է միջին օղակի չինովնիկների վստահությունն իշխանության նկատմամբ, հետևաբար՝ նաև վստահությունը և նվիրվածությունը։ Այսինքն՝ նրանք արդեն իրենց պաշտպանված չեն զգում և գիտակցում են, որ հանուն բարձրագույն իշխանության բարօրության՝ իրենց կարող են ցանկացած հարմար պահի «փուռը տալ»։ Ճիշտ այնպես, ինչպես շախմատում զոհաբերում են զինվորին՝ հանուն արքայի անվտանգության։ Իսկ դա կարող է ոմանց մոտ հիասթափություն առաջացնել շախմատի նկատմամբ և ստիպել վերադառնալ ավելի «անշառ» սպորտաձևի, ասենք՝ բասկետբոլին։
Պարզ ասած՝ եթե հիմիկվա «պապաները» կարող են իրենց զոհաբերել, ապա նրանք ինչո՞վ են լավը նախկին կամ ապագա «պապաներից»։ Իսկ այս վտանգն ավելի լուրջ է, քանի որ հայաստանյան ընտրություններում որոշիչ է ոչ թե հասարակության քվեն, այլ վարչական ռեսուրսը։