Ի՞նչ է սպասվում Էդվարդ Նալբանդյանին և մյուս դիվանագետներին Օսկանյանի գործից հետո
«Կարծում եմ, որ շուկայական հարաբերություններ են, մեկն ավել փող է տվել, որոշել են ծախել` առանց հաշվի առնելու, թե դա ինչ շենք է»,- երեկ մամուլի ասուլիսում` խոսելով ՀՀ արտգործնախարարության մասնաշենքի վաճառքի մասին, ասաց արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանը:
«Ես հարցին մոտենում եմ ուրիշ տեսանկյունից. ինձ համար կարևորը ոչ թե շենքն է, այլ դրա բովանդակությունը: Եթե պիտի գնան ավելի լավ պայմաններում և այսպես աշխատեն` նշանակում է, դա դատարկ բան է: Իսկ եթե ախոռներում նստեն և ավելի լավ աշխատեն, ուրեմն` փառք ու պատիվ նրանց: Պարզապես, գիտեք, կարծես չլիկ-դաստա են սարքել այդ նախարարությունը: Մենք աշխատում էինք Րաֆֆու օրոք` Անտառային փողոցում, ավելի վատ չէինք աշխատում, համենայնդեպս, այն էնտուզիազմը, որ կար, մեծ էյֆորիա էր: Հետո տեղափոխեցին ՍԴ շենք, հիմա տեղափոխեցին այստեղ, հիմա էլ չգիտեմ` ուր են տանում:
Ամբողջ հարցը քանակի և որակի մեջ է. մենք ունենք 300-ից ավելի դիվանագետ: Կարելի է դրա կեսի կեսը պահել և ավելի լավ աշխատել»,- ասաց նա: Իսկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի մասին Ա.Նավասարդյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Կարծում եմ` այն, ինչ կատարվում է Օսկանյանի հետ, մեծ քաղաքական սխալ է»:
Հարցը դիտարկելով զուտ դիվանագիտական տեսանկյունից` նա նշեց, որ «դիվանագետների մեծ մասն իրեն համարում է էլիտար ընտանիքի անդամ միջազգային մասշտաբով, և անգամ միջազգային ամենասուր քաղաքական իրադրությունում, անգամ տարբեր ճամբարներում կանգնած դիվանագետներն իրար նկատմամբ միշտ ունեցել են բարյացակամ վերաբերմունք, և, եթե ինչ-որ մի բան է կատարվում դիվանագետներից մեկի հետ, ամբողջ դիվանագիտական կորպուսը, ԱՄՆ-ից և Ռուսաստանից սկսած` վերջացրած բուլղարական դեսպանությունով, բոլորն, այսպես ասած, ծամում և մարսում են այս ամենը»:
«Մանավանդ նկատի ունենալով Վ. Օսկանյանի երկար տարիների աշխատանքային կալիբրները` ես գրեթե տեսնում եմ, թե ինչ կարող է կատարվել միջազգային գետնի վրա, և ինչ է սպասում մեր այն դիվանագետներին, ովքեր այդ դեպքից հետո պետք է դրսում աշխատեն` Էդվարդ Նալբանդյանը, մյուսները` մեր դեսպանությունները, մեր կոնֆերանսային, բանակցային դիվանագիտությունը: Այնտեղ ոչ ոք նրանց չի ասի, որ դուք ավտորիտար եք, և այլն, բայց համապատասխան վերաբերմունք և համապատասխան կարծիք անպայման կլինի: Այնպես որ այստեղ շատ պարզ գծագրվում է հետևյալ պատկերը` այն, որ արտաքին գործերը շատ ուժեղ կապված են ներքին քաղաքականության հետ»,- ասաց նա:
Մեր հարցին` Վ. Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական համարո՞ւմ եք, դիվանագետը պատասխանեց. «Իմ կարծիքով` սա քաղաքական է: Սա քաղաքական հարց է և հետապնդում է քաղաքական նպատակներ: Այս պատմությունները չէին լինի, եթե Վ. Օսկանյանը մինչև վերջին իրադարձություններն իր հայտարարությունները չաներ, «Սիվիլիթաս» չէ, ինչ էլ հիմնադրեր: Դրանում ես համոզված եմ»:
Ա.Նավասարդյանն անդրադարձավ նաև սաֆարովյան գործարքին և հայ-հունգարական հարաբերությունների կասեցմանը` նշելով, որ այդ կապակցությամբ ՀՀ ղեկավարության ձեռնարկած միջոցառումները համարժեք էին իրադրությանը: «Ես նկատի ունեմ նախագահի կողմից արված բավական կոշտ հայտարարությունները և դրա հետևանքով արված քայլերը, այսինքն` հարաբերությունների սառեցումը, որը` չգիտես ինչու, անվանում են դիվանագիտական հարաբերությունների խզում: Սրանք տարբեր բաներ են: Իսկ դրան հաջորդած բոլոր համազգային միջոցառումները ես մի փոքր այլ կերպ եմ գնահատում. եթե քաղաքական խնդիրներ են, ամեն ինչ պետք է արվի քաղաքական օրենքների սահմաններում:
Եվ մեր ազգին հատուկ այդ հուզումնալից վարվելակերպը, ես կարծում եմ, որ ճիշտ չէ և չի կարող օգնել գործին: Այստեղ պետք է տարբերել երկու շատ կարևոր հանգամանք. Հունգարիան դեռ Հունգարիայի այսօրվա կառավարությունը չէ, հունգար ժողովուրդը նույնպես այսօրվա կառավարությունը չէ: Ղեկավարները գալիս-գնում են, իսկ երկրները մնում են: Հունգարիայի հետ մեզ կապում են բազմադարյա հարաբերություններ, և այդպես միանգամից ասել, որ մենք չենք ուզում նրանց հետ այլևս հարաբերություններ ունենալ, դա սխալ է:
Երկրորդը` եթե այստեղ զուտ դիվանագիտական արվեստի օրենքների առումով մոտենանք հարցին, մեր դիվանագիտությունը երկրորդ սխալը թույլ տվեց. նախ` մենք ժամանակին չկարողացանք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, երբ ազատեցին մարդասպանին, և հետո ես գտնում եմ, որ նման իրադրությունում մեր դիվանագիտությունը պետք է ցուցաբերի ոչ ստանդարտ մոտեցում:
Դեռ հարցական է, թե ո՞վ է մեզ խաբել, Հունգարիա՞ն է մեզ խաբել, թե՞ Ադրբեջանն է խաբել Հունգարիային: Այս իրադրության մեջ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ գտնել ոչ ստանդարտ մոտեցումներ և գնալ Հունգարիայի հետ մերձեցմանը և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Դա կլիներ ավելի ճիշտ»:
Իսկ Սիրիայի և Թուրքիայի միջև վերջին լարվածության վերաբերյալ Ա. Նավասարդյանը, ով եղել է Լիբանանում ՀՀ նախկին դեսպանը, ասաց, որ, իր կարծիքով, պատերազմ Սիրիայի և Թուրքիայի միջև չի լինի: «Սիրիայի շուրջն այնպիսի մի իրադրություն է ստեղծված, որ և՛ ՆԱՏՕ-ի անդամ տերությունները, և՛ արևելյան կողմը` Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, միտված չեն դիմելու ակտիվ ռազմական գործողությունների: Սա ունի իր պատճառը, որովհետև մարդիկ արդեն խելոքացել են. այստեղ կա Վիետնամի, Աֆղանստանի և Իրաքի նախապատմությունները, և մեծ տերությունները, իմ հաշվարկով, չեն մտնի առճակատման մեջ, այլ կգնան ուրիշի ձեռքերով շագանակը կրակից հանելու ճանապարհով: Իսկ թե ովքե՞ր այդ շագանակ հանողները, շատ լավ գիտեք. դրանք այն ուժերն են, որոնք ամբողջ Արևելքից մագնիսի նման ձգվել են դեպի Սիրիա: Ես նկատի ունեմ «Մուսուլման եղբայրներին», «ալ-Քաիդային», «սալաֆիներին», իսլամական արմատական շարժման այս ամբողջ թափթփուկին, որն այնտեղ տոն է տալիս»:
Ըստ Ա.Նավասարդյանի` այս ուժերը մեծ վտանգ են ներկայացնում հայկական համայնքի համար: Իսկ Թուրքիան, ըստ դիվանագետի, չնայած որ թուրքական խորհրդարանը մանդատ է տվել մեկ տարվա ընթացքում պատերազմական գործողություններ ծավալել հարևան երկրների դեմ, չի գնա պատերազմական գործողությունների, քանի որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը հակառակի մասին է խոսել, Ա.Նավասարդյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ պատերազմ չի լինի: Էրդողանը շատ ավելի ծայրահեղական հայացքներ ունեցող գործիչ է, դուք գիտեք, բայց ամերիկյան մի մեկնաբան նրա մասին այսպես է ասում. «Թուրքերը հաչում են, բայց չեն կծում»»: