«Կորուստներին վերաբերվում եմ շատ նորմալ` շատ հեշտ ու շատ ծանր»
168.am-ի զրուցակիցն է Նաիրա Մովսիսյանը:
24-ամյա դերասանուհու անվան շուրջ հաճախ են ասեկոսեներ պտտվում: Վերջին խոսակցությունները կապված էին դերասանուհու չամուսնանալու հետ: Նշենք, որ ամիսներ առաջ դերասանուհին նշանվել էր և պատրաստվում էր ամուսնանալ: Դերասանուհու կյանքի դեռևս չբացահայտված մանրամասներին տեղեկացանք հարցազրույցի ընթացքում:
– Քո անվան շուրջ խոսակցություններն ու բամբասանքներն անպակաս են, ի՞նչ ես կարծում` ինչո՞ւ է այդպես:
– Երևի հասարակության համար հետաքրքիր եմ:
– Պատրաստվում էիր ամուսնանալ, բայց չամուսնացար, և դա խոսակցությունների առիթ դարձավ: Ինչո՞ւ որոշեցիք չամուսնանալ:
– Այդպես որոշեցինք: Դա իմ և նրա անձնականն էր:
– Շատերը կարծում են, որ դերասանը պետք է նման լինի իր կերտած կերպարին, ներկայացնելու համար այն: Դու և՞ս այդպես ես մտածում:
– Իհարկե, ոչ: Եթե ես խաղայի այն, ինչ կամ կյանքում, չեմ կարծում, որ հետաքրքիր լիներ հանդիսատեսին:
– Հաճախ ես վատ դերեր խաղում:
– Կարծում եմ, կարևորն այն չէ, թե ի՞նչ դերեր ես խաղում, այլ այն, թե ինչպե՞ս ես դրանք խաղում:
– Մի անգամ հարցազրույցներից մեկում նշել ես, որ մշտական աշխատանքից ազատ ես ցանկանում լինել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այսպես, թե այնպես, որտեղ որ աշխատում ես, կամ որտեղ որ մարդկանց հետ առնչվում ես` անկախ ամեն ինչից՝ կապվում ես:
– Դու քեզ ինչպիսի՞ դերասանուհի ես համարում:
– Ես ինձ համարում եմ կայացած դերասանուհի՝ այս դարի և սերնդի համար: Ունեմ շատ մրցանակներ, որոնք առնչություն չունեն մասնագիտությանս հետ: Ես 7 տարի երգել եմ ու ստացել դափնեկրի բազում կոչումներ: Այս տարի կմեկնեմ ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու: Իմ տեղեկություններով, «Դոն Ժուան ավիա» ներկայացման մեջ իմ կերտած կերպարի համար՝ լավագույն դերասանուհի տիտղոսի նոմինանտ եմ:
– Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է այն կարծիքը, թե կայացած կանայք ընտանիք դժվար են կազմում:
– Ո՛չ, ուղղակի տղամարդիկ դժվար են գտնվում ուժեղ կանանց կողքին:
– Կո՞ղմ ես այն կարծիքին, որ որքան մեծանում և կայանում ես, այնքան ավելի շատ ու հեշտ ես ինչ-որ բան կորցնում:
– Որքան էլ փոխվեն արժեքները, կորուստը կամ ձեռք բերածը նույն ռեակցիան են առաջացնում: Կորուստներին վերաբերվում եմ շատ նորմալ, շատ հեշտ ու շատ ծանր:
– Կյանքից ի՞նչ ես ստացել և դեռ ի՞նչ ես ակնկալում:
– Այն ամենն, ինչ ունեմ և ինչին ձգտել եմ` ստացել եմ: Հավատում եմ, որ մինչ կյանքիս վերջին պահն էլ կլինի այնպես, ինչպես ծրագրված է ի վերուստ և իմ կողմից:
– Դու կարևորում ես այն, ինչ ի վերո՞ւստ է նախանշված, թե՞ այն, ինչին դու ես ցանկանում հասնել;
– Հավատալով ինձ` չեմ մոռանում Աստծուն, որով ապրում եմ, շնչում, եթե պետք լինի, նաև կմեռնեմ: Աստծու տված ուղղությունները փորձում եմ ճիշտ օգտագործել: Նշեմ, որ պատկանում եմ Հայ Առաքելական եկեղեցուն, մերժում եմ բոլոր աղանդները: Միաձուլում եմ Աստծուն, հավատը և ինձ: Գուցե շատ ինքնավստահ եմ խոսում, բայց ինչ տեսել և ինչի հասել եմ` այդ երեքի շուրջ է:
– Սնահավա՞տ ես:
– Ոչ, ուղղակի դարերից եկած սովորույթներն ինձ էլ են հասել, և դեռ չեմ փորձում ձերբազատվել դրանցից: Այն ինձ և իմ հավատին չի խանգարում:
– Ի՞նչ ես երազում: Երազանքներդ կատարվո՞ւմ են:
– Երազելն իմ կյանքի գրաֆիկից դուրս է, ես նպատակի կողմնակից եմ: Անշուշտ, եթե մի բան ուզում ես, թող լինի` երազում ես կամ նպատակ ես քո առջև դնում, այն իրականություն է դառնում:
– Ի՞նչ կցանկանաս, որ հանդիսատեսն իմանա քո մասին:
– Կարծում եմ՝ արվեստագետը պետք է առեղծվածային լինի, չբացահայտված: Թող նրանց համար ես առեղծված մնամ:
– Դու ինքդ քեզ ինչպիսի՞ն ես համարում:
– Ես ինձ համարում եմ հասարակ, անմիջական, ինչպես բոլոր իմ տարիքի նորմալ աղջիկները:
– Ի՞նչ ես կարծում, լավ դերասանուհի դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
– Կարծում եմ` ի վերուստ պետք է տրված լինի, ուղղակի փորձի շնորհիվ ավելի ես կատարելագործում այն, ինչ ունեիր:
– Երգով հիմա չես զբաղվում: Ունե՞ս հետագա պլաններ երգարվեստի հետ կապված:
– Առանց երգի ես ինձ երբևէ չեմ պատկերացրել: Ուղղակի ես ավելի կողմ եմ դասականին, ջազին: Դեռ պլաններ չունեմ, բայց հավատում եմ, որ կգա մի օր, երբ իմ անցած կյանքը կվերսկսեմ: