«Արդյո՞ք Սահակաշվիլին կանցկացներ ազատ և ժողովրդավարական ընտրություններ, եթե չլիներ հզոր ուղերձ Արևմուտքից». «Global Insight»

«Վարդերի հեղափոխության առաջնորդն ընդունում է իր պարտությունը»,- այսպես է վերնագրել բրիտանական հեղինակավոր «Global Insight» վերլուծական-հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն իր վերլուծությունը Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Ավելի քան մեկ տասնամյակ իշխելուց հետո վարդերի հեղափոխականներն ընդունեցին իրենց պարտությունը հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, որոնք պատմականորեն նշանավորվեցին որպես  առաջին խաղաղ իշխանափոխությունը՝ երկրի անկախության հռչակումից ի վեր,- գրում է վերլուծաբանը` ավելացնելով ,- Սա սկիզբն է 2000-ականների գունավոր հեղափոխությունների վերջին գույնի վերջի»: Ստորև ներկայացնում ենք Լիլիթ Գևորգյանի վերլուծական հոդվածի մասնակի թարգմանությունը:

 Հեռանկար

Վրաստանը մտնում է մի նոր դարաշրջան, որտեղ փոքր սենյակ հատկացված կլինի վարդերի հեղափոխականներին: Հրաժարականը նախագահի հաջորդ տրամաբանական քայլն է, սակայն դեռևս պարզ չէ` Սահակաշվիլին կզիջի՞, թե՞ ոչ: Վրաստանն այժմ կորդեգրի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն` փորձելով օգուտներ քաղել և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից:

Թևակոխում դեպի անորոշություն

Կարդացեք նաև

Հաղթանակ տոնած 6 կուսակցությունների «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն կոչ է արել Սահակաշվիլիին՝ «հրաժարական տալ»: Իվանիշվիլին ասել է. «Միակ ճիշտ բանը, որը նա (Սահակաշվիլին,- Ա.Ս.) կարող է այժմ անել, հրաժարական տալն է: Իվանիշվիլիի դաշինքը, որն իր մեջ ընդգրկում է Սահակաշվիլիի նախկին դաշնակիցներին, ինչպիսիք են, օրինակ, Դավիդ Ուսուպաշվիլին՝ Վրաստանի Հանրապետական կուսակցությունից, կամ Դավիդ Ալասանիան՝ Ազատ Դեմոկրատներից, կստանա մեծամասնություն խորհրդարանում և կձևավորի նոր կառավարություն` Իվանաշվիլիի հավանական վարչապետությամբ: Սակայն հիմնական իշխանական լծակները դեռևս կմնան Սահակաշվիլիի ձեռքում, ով դեռևս հրաժարական տալու նշաններ ցույց չի տվել: Ճակատագրի հեգնանքով, Իվանիշվիլիի իշխանական լիազորությունները կընդլայնվեն 2013 թ.` շնորհիվ սահմանադրական փոփոխությունների, որ նախաձեռնել է հենց Սահակաշվիլին:

Հեռանկարներ և հետևանքներ

Սահակաշվիլիի նկատմամբ հրաժարականի պահանջով ճնշումը կաճի: Մինչ վարդերի հեղափոխության առաջնորդի կողմից պարտության ընդունումն իսկապես ընկալվում է որպես ժողովրդավարական քայլ, կա մի կասկած, թե արդյո՞ք նա կանցկացներ ազատ և ժողովրդավարական ընտրություններ, եթե չլիներ հզոր ուղերձ Արևմուտքից: Ի վերջո, նրա դեմոկրատական մոտեցումները վերջին տարիներին սկսել էին նվազել. արևմտյան երկրներն անհանգստացած էին 2008 թ. ընտրություններից հետո Սահակաշվիլիի կողմից ցուցարարների նկատմամբ գործադրված բռնություններով, ինչպես նաև Սահակաշվիլիի կողմից պայքարից իր  մրցակիցներին դուրս մղելու միտումներով, որոնց հիմքում ընկած էր քաղաքական հակառակորդներին ուղղվող մեղադրանքը` ռուսական գործակալներ լինելու մասին: Սահակաշվիլին միշտ ապացուցել է, որ ինքը մեծ բարեփոխիչ է: Նա մարդկանց ցույց տվեց, որ, եթե կա քաղաքական կամք, ապա փոփոխություններ կարելի է իրականացնել: Սակայն նրա սխալ հաշվարկը՝ Հարավային Օսիայի պատերազմում, և անկարողությունն՝ ավելի առաջ գնալ կոռուպցիայի դեմ պայքարում, նշանակում է, որ Սահակաշվիլին բարեփոխումներ կատարելուց անցում է կատարել սեփական իշխանության պահպանմանը:

Մտավախությունները, որ Իվանիշվիլին կարող է Ռուսաստանի ազդեցության տակ վերադարձնել Վրաստանը, հիմնավորված չեն և հիմնականում հորինվել են Սահակաշվիլիի ճամբարի կողմից: Քիչ հավանական է, որ Իվանիշվիլին դառնա ռուսամետ նախագահ: Ավելի հավանական է, որ, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը, Վրաստանը որդեգրի բազմավեկտորային արտաքին քաղաքականություն` փորձելով հավասարակշռել Արևմուտքի հետ արդեն լավ հարաբերությունների և Ռուսաստանի հետ վերածնվող հարաբերությունների միջև:

Իվանիշվիլիի հաղթանակը պարտադիր չէ, որ վատ լուր լինի Արևմուտքի համար: Ըստ էության, դա կօգնի Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին՝ հարթել ևս մեկ կնճիռ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք մեծ հարված ստացան 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո: Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրները դժվար թե լուծվեն, և որևէ վրաց քաղաքական գործիչ չի համաձայնի ճանաչել դրանց անկախությունը: Սակայն հույս կա, որ նոր կառավարությունն ավելի իրատեսական հայացքներ կորդեգրի այս հիմնախնդիրների իրական պատճառները բացահայտելու համար, ուղղակիորեն կաշխատի Ռուսաստանի հետ, որպեսզի գտնի լավագույն լուծումը, ոչ թե ստեղծի ազգայնական տրամադրություններ, ինչպես դա անում էր Սահակաշվիլին:

Վարդերի հեղափոխությունը դանդաղորեն մարում է: Նրա որոշ ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ ազատ կամքի արտահայտումը և իշխանություններին հասարակության կողմից ուղղվող պահանջը` հաշվետու լինելու վերաբերյալ, կմնան, սակայն Վրաստանը դեռևս ունի իրական մարտահրավերներ` վերացնելու մեծ չափերի հասնող աղքատությունը, կառուցելու անկախ դատարաններ և հաստատելու ինստիտուտներ, որոնք կպայքարեն ոչ միայն՝ ցածր, այլև՝ բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ: Սրանք խնդիրներ էին, որոնք Սահակաշվիլիի կառավարությունը չկարողացավ լուծել:

 


Տեսանյութեր

Լրահոս