Հանցագործությունների թիվը նվազել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1139-ով: Այդ մասին կարելի է կարդալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում:

Համաձայն այդ տվյալների՝ նախորդ տարի, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է 11250 հանցագործության դեպք՝ այս տարվա 10111 դեպքի փոխարեն: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ միայն ոչ մեծ ծանրության հանցագործություններն ավելացել են 733-ով:

Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 613-ով, որից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու միջոցով հանցագործությունները շատացել են 146-ով, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 31-ով, բռնաբարությունները և բռնաբարության փորձերը՝ 10-ով:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 878-ով և կազմել 5021: Հանցագործությունների թվի ամենից մեծ աճն արձանագրվել է Արմավիրի մարզում, որտեղ 2012 հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է 666 կատարված հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 573-ի դիմաց։ Ամենաօրինապահը, ըստ վիճակագիրների, Վայոց Ձորն է։ Հաշվետու ժամանակահատվածում այս մարզում կատարվել է 147 հանցագործություն։

 

 

Տեսանյութեր

Լրահոս