Միջնորդագիրն ուղղված է ոչ թե Օսկանյանի ու ԲՀԿ-ի դեմ, այլ` Ռոբերտ Քոչարյանի
«Դժվարանում եմ գնահատական տալ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի միջնորդագրին, քանի որ կուզենայի լսել նաև Օսկանյանի գնահատականը»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է Աժ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով ԲՀԿ քաղխորհրդի կողմից երեկ տարածած հաղորդագրությանը, ըստ որի` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, Հրանտ Բագրատյանն ասաց. «Չեմ բացառում քաղաքական հետապնդման գործոնը, բայց մեջ է բերվում նաև փաստ, համաձայն որի` շատ ֆինանսական յուրացումներ են եղել «Սիվիլիթաս» հիմանդրամում: Այնուամենայնիվ, այդ ամենն ուղղված է ոչ թե Օսկանյանի կամ ԲՀԿ-ի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի»:
Իսկ ինչ վերաբերում է Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը, ապա, ըստ Հրանտ Բագրատյանի` այդ գործը վաղուց էր հայտնի, պարզապես, օգտագործելով քաղաքական հարմար պահը իշխանությունները հիմա են այդ գործը «ջրի երես հանում»: