Սա քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ. ԲՀԿ
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:
Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ
Հ.Գ. Ի դեպ, այսօր կեսօրին, նախատեսվածի համաձայն, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկվել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: Մեքենայով դուրս գալով «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տարածքից, որտեղ տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների խորհրդակցությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենայի կիսով չափ իջեցրած պատուհանից, առանց մեքենան կանգնեցնելու, լրագրողներին տեղեկացրել էր, որ հարցի առնչությամբ ԲՀԿ հայտարարությունը կլինի երկուշաբթի օրը:
Սակայն, ինչպես տեսնում եք` ԲՀԿ-ն չսպասեց մինչև երկուշաբթի և հայտարարություն տարածեց այսօր: Իսկ թե ինչո՞ւ` պարզել չհաջողվեց: