Բուժիչ «բամբասանք»
Բուժիչ նամակներ
Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։
Տարածված են Արգենտինայի հյուսիսից մինչև Կանադայի հարավ, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, ԱՄՆ հարավում։
Ուղիղ կամ գետնատարած` արմատացող ցողունով բազմամյա բույսեր են։ Մշակովի տեսակներից առավել հայտնի են Tradescantia virginica և T.Zebrina pendula տեսակները։ Առաջինը լայնորեն տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափերին։
Z. pendula-թարգմանաբար նշանակում է` «զոլավոր, կախովի» բույս։
Ծաղկատերևիկները և թերթիկները երեքն են, վարդագույն կամ մանուշակագույն երանգներով։ Տերևը կանաչ է կամ արծաթագույն, արտահայտված գծային զոլերով, տակից` կարմրածիրանագույն կամ մանուշակագույն։ Պտուղը փոքր տուփիկ է։
Կարող է աճել ջրի մեջ, ծաղկամանը հաճախ կախում են։
Համարվում է, որ տրադեսկանցիան Արևի ծաղիկ է, որը կարող է հեռացնել մտքի, զգացմունքի կամ խոսքի միջոցով փոխանցվող անբարենպաստ էներգիան։ Տ. Զեբրինան երբեմն անվանում են «կանացի բամբասանք», այնինչ իրականում այն պաշտպանում է բնակարանը և ընտանիքը զանազան չարամտություններից և չարակամություններից։
Գիտականորեն ապացուցված է, որ բույսը մաքրում և խոնավացնում է բնակարանի օդը, պաշտպանում էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունից։ Բույսի տեսքը հանգստացնում է աչքերը, մեղմացնում լարվածությունը և հոգնածությունը։
Սուկկուլենտ=հյութալի տերևները հաճախ համեմատում են կալանխոէի և հալվեի (ալոէ) հետ։ Վերջին տարիներին բույսը լայնորեն ուսումնասիրվում է։ Կա կարծիք, որ զեբրինայի ֆիտոնցիդներն ի զորու են ճնշել ժամանակակից արհեստական շինանյութերի արձակած վնասակար նյութերից առաջացող և գոլորշիացող վնասակար մանրէները։ Իր հայրենիքում տրադեսկանցիան հնագույն ժամանակներից կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։ Կա նաև կարծիք, թե զեբրինան հիբրիդ է, որ ացտեկները կարողացել են ստանալ խաչաձևման եղանակով, և, որ սա է իրական ոսկեբեղիկը («սարդ-բույս»)։ Թեև նման կարծիքը չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, կարևորում է T.Z.pendula տեսակի բազմաթիվ բուժիչ հատկությունները` հակամանրէ, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, հակաուռուցքային։
Հյութը պարունակում է ինսուլինանման նյութ։ Պարզվել է, որ զեբրինայի պատրաստուկներն օգտակար են նաև թոքախտի համալիր բուժման ընթացքում։
Կոլիտ. Մանրացրեք բույսի ցողունը և տերևները, 100 գ հումքին ավելացրեք 300 մլ որակյալ օղի։
21 օր թրմեք մուգ պատերով ապակե տարայում` սառնարանի մեջ։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ` 100 մլ գոլ` նախօրոք եռացրած ջրի հետ։
- 100 գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք, մզեք հումքը և զտեք թուրմը թանզիֆով։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Միջոցներն օգտակար են նաև ստամոքսի խանգարման և մետեորիզմի դեպքում։
Շաքարային դիաբետ. Մանրացրեք 2 ճ/գ զոլավոր տրադեսկանցիայի թարմ տերևները։ Մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օր ընդմիջելուց հետո։
Միջոցն օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, քանի դեռ չի առաջացել ինսուլին ներարկելու անհրաժեշտություն։
Թոքախտ. Մանրացրեք թարմ կտրած ցողունը և տերևները։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 100 մլ սառը զտված ջրում, քամեք, աղացեք։ Աղացած հումքի 1 ճ/գ-ն խառնեք 30 մլ գոլ թուրմի հետ (այն, որ մնաց քամելուց հետո)։ Այդ չափաբաժնով խմեք օրը 3 անգամ, սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, կրկնեք 7 օր ընդմիջումից հետո։
Բոլոր վերոգրյալ թուրմերի օգտագործման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգը։
Հյութ. Աղացեք ցողունը և տերևը, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 2-ական կաթիլ` օրը 3-4 անգամ, հարբուխի դեպքում։
Անգինա. Խառնեք 1 կիտրոնի մանրացրած կեղևը, կեսական ճ/գ չորացրած կատվալեզվի խոտը և եղեսպակի տերևը։ 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Ավելացրեք 2 ճ/գ զեբրինայի հյութ։
Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց հետո, գոլ վիճակում։
Բրոնխիտ. Խառնեք 50 մլ զեբրինայի հյութ, 100 մլ գինի (կագոր), 60-70 գ մեղր։ Մի քանի օր պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 10 րոպե առաջ։
Ստոմատիտ. Մանրացրեք, խառնեք երիցուկի և լորենու ծաղիկները, զեբրինայի թարմ տերևը (3։2։2)։ 4 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք թանզիֆով։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողում գոլ թուրմով։
Չիբան. Թրջեք բամբակե խծուծը գոլ հյութի մեջ, դրեք թրջոց, պահեք 1 ժամ, կատարեք օրը 5-6 անգամ։ Քնելուց առաջ դրեք ոգեթուրմով թրջոց։ Ամրացրեք միայն ստերիլ թանզիֆով։
Պարոդոնտոզ. Սնվելուց առաջ և հետո ծամեք զեբրինայի 1-ական տերև։ Բուժիչ է թքի հետ խառնված հյութը, տերևի մնացորդը չի կարելի կուլ տալ։
Տրադեսկանցիան հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում, սիրում է վառ, ցրված լուսավորություն, լավ է աճում սենյակի արևելյան և արևմտյան կողմերում։ Ամռանը կարելի է դնել արևի ճառագայթներից և քամուց պաշտպանված պատշգամբում։ Բազմանում է սերմերով, շիվերով կամ թփի բաժանման եղանակով։
Սերմերի պահպանման համար հարկավոր է 20 C-ից ոչ ցածր ջերմաստիճան։ Նոր ծլող բույսը պետք է հաճախակի ցայել ջրով և օդափոխել սենյակը։ Ծաղկում է կյանքի 3-րդ տարում։ Գարնանը և ամռանը պահպանեք հողի վերին շերտի խոնավությունը։ Մինչև 3 տարեկան բույսերը տեղափոխեք յուրաքանչյուր տարի, գարնանը կատարեք էտում։