Իսկ քանի՞ տոկոս կհավաքի Րաֆֆի Հովհաննիսյանն՝ առանց իշխանության օժանդակության
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությունը ցածր է գնահատում:
«Այս տարիների ընթացքում, փորձելով ճանաչել իր կերպարը, չեմ կարծում, որ նա կնախընտրի քաղաքական դաշտից հեռանալ 5-6 տոկոսով, այն դեպքում, երբ նա քաղաքական դաշտ մուտք է գործել ֆուրորով»,- ասել էր «Ժառանգության» ներկայացուցիչը:
ՀԱԿ անդամ, «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում պատասխանելով Ս.Սաֆարյանի վերոնշյալ հայտարարությանը, ասաց.
«Այն, որ նա քաղաքական դաշտ ֆուրորով է մուտք գործել, դրանում ոչ մի խոսք, բայց ինչ վերաբերում է «5-6 տոկոսին», ես խորհուրդ կտայի Ստեփան Սաֆարյանին՝ մտածել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես քանի՞ տոկոս կարող է հավաքել, եթե իշխանությունը նրան շատ չօժանդակի,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը` ավելացնելով,- Ինչ վերաբերում է միմյանց մասին կարծիք հայտնելուն, ապա առ այսօր ՀԱԿ-ը, համենայն դեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին փորձում է կարծիք չարտահայտել, որովհետև, եթե թեկնածու է, մենք հարգում ենք նրա իրավունքը, և խորհուրդ կտայի բոլոր մյուս ընդդիմախոսներին` Ստեփան Սաֆարյանին և նրանց, ովքեր շահագրգիռ են, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չդնի, զբաղվել սեփական թեկնածուի իմիջի գնահատմամբ:
Բոլոր նրանք, ովքեր հիմա փորձում են Լ.Տեր-Պետրոսյանի մասին արտահայտվել, մի նպատակ են հետապնդում` ամեն ինչ անել, որպեսզի Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Դա արդեն խոսում է այն մասին, թե Լ.Տեր-Պետրոսյանն ինչքան մեծ կշիռ ունի և ինչքան վտանգավոր է մյուս թեկնածուների համար»: