
Վրաստանում ավտովթարից ծանր վիրավորված հայ աղջնակին տեղափոխում են Երևան

Օգոստոսի 10-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի, ութամյա Մարի Մովսիսյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Թբիլիսիի «Իաշվիլու անվան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ներկայումս հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. երեխան գտնվում է կոմայի մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Փոքրիկի վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները և համապատասխան մասնագետները եղել են տեղում։ Հարազատների խնդրանքով հայ և վրացի մասնագետները, գնահատելով երեխայի վիճակը, քննարկել են նրան Հայաստան տեղափոխելու հարցը։ Արդյունքում որոշում է կայացվել երեխային տեղափոխել Հայաստան և հետագա բուժումը շարունակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կազմակերպվել է երեխայի տեղափոխումը: Այդ նպատակով Թբիլիսի է ուղարկվել ռեանիմոբիլ` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգի և ռեանիմացիոն բուժքրոջ ուղեկցությամբ:
Ներկա պահին երեխան Հայաստան վերադարձի ճանապարհին է: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմը և առողջապահության նախարարության ներկայացուցիչները ուշ երեկոյան փոքրիկ Մարիին կդիմավորեն հիվանդանոցում: