ԱԳն-ի բյուջեի տարեկան հաշվետվությունը միջոցառումների շարադրանք է

Այսօր ԱԺ-ում Արտաքին գործերի նախարարության 2011թ. բյուջեի կատարողական հաշվետվությունը ներկայացնելիս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը  դիմեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին` խնդրելով տրամադրել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություններից հավաքագրված մուտքագրման գումարների մասին տվյալները: Նաև հետաքրքրվեց` արդյո՞ք այդ գումարները 2010թ. համեմատ ավելացել են:

«Այս պահին ես իմ ձեռքի տակ այդ թվերը չունեմ: Կարող եմ Ձեզ տրամադրել, ընդհանուր ասեմ` նախորդ տարվա նկատմամբ մեր բոլոր մուտքերը հյուպատոսական գործողությունների հետ կապված աճել են»,- ասաց Շ. Քոչարյանը:

Ի պատասխան`Գ. Արսենյանն այսպես արձագանքեց. «Պարոն Քոչարյան, ես Ձեզ շատ հարգում եմ, մեր երկար ժամանակվա գործընկերն եք` պատգամավորական աշխատանքով, քաղաքական աշխատանքով, սակայն համարում եմ, որ նմանատիպ մոտեցումն այս նիստին պարզապես անթույլատրելի է, որովհետև քննարկվում է բյուջեի կատարողականը, իսկ ես լսում եմ Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին շարադրանք, հանձնաժողովի նկատմամբ դա անթույլատրելի մոտեցում է, որովհետև մենք հավաքվել ենք բյուջեի կատարողականը քննարկելու համար Արտգործնախարարության մասով, և չգիտեմ` խի՞ են խնդրել, որպեսզի Դուք ներկայացնեք, երբ չունեք այն բոլոր տվյալները, որոնք որ կհետաքրքրեն հանձնաժողովի անդամներին: Ոչ մի անձնական բան չընդունեք, խնդրում եմ: Ես արձանագրում եմ այս մասին»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս