
Հայ պաշտոնյաները հրավիրված են եզդիների սրբավայրի օծմանը

Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսիմ Բեգը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` սեպտեմբերի 29-ին նա օծելու է եզդիների սրբավայրը: Երեկ նրան ուղեկցում էր եզդիների հոգևոր խորհուրդն՝ իր 12 անդամներով: Հայաստանաբնակ եզդիները շքեղ ընդունելություն էին կազմակերպել՝ իրենց առաջնորդի այցը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով:
Թահսիմ Բեգը հայաստանաբնակ եզդիներին ողջունեց` ասելով. «Ես ողջունում եմ այստեղի եզդիներին: Ուրախ եմ, որ այստեղ անվտանգ և լավ եք ապրում: Իմ հայրն էլ էր հայերին լավ վերաբերվում: Նա միշտ հայերին առաջարկել էր ապրել եզդիների հետ, քանի որ հայն իր տեսակով բարի և լավն է եղել: Չնայած լավ եք ապրում Հայաստանում, բայց առաջարկում եմ նաև գալ եզդիների հայրենիք, գնել բնակարաններ և մշտական բնակություն հաստատել եզդիների պատմական հայրենիքում՝ Իրաքում»:
Նշենք, որ երեկ երեկոյան Միրին դիմավորելու ամբողջ նախապատրաստական աշխատանքները հոգացել է հայաստանաբնակ, ազգությամբ եզդի Միրզա Սլոյանի ընտանիքը: Միջոցառումը փակ էր, և հյուրերը ներկայացել էին հրավիրատոմսերով, սակայն, ինչպես հայտնում է «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը, սեպտեմբերի 29-ին կայանալիք սրբավայրի օծման արարողությունը բաց է լինելու, որին մասնակցելու համար արդեն հրավերներ են ուղարկվել Հայաստանի բոլոր պաշտոնյաներին: