«Սիվիլիթասի» ներկայացուցիչը չի բացառում, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կարող է սկսվել

«Սիվիլիթաս»  հիմնադրամի ներկայացուցիչ  Արթուր  Գրիգորյանի համար  Վերաքննիչ  քրեական դատարանի այսօրվա  որոշումն  անակնկալ չէր։  «Հայաստանի Հանրապետության  դատական համակարգը  դեռևս  ունակ չէ  դրսևորելու   այն աստիճանի  անկախություն,  որպեսզի այսօր  Ազգային անվտանգության  ծառայության քննիչի որոշումը  վերացնի։  Առավել ևս` որ  մենք ունենք  վճռաբեկ   դատարան,  որն  այսօր, բացի սահմանադրական ֆունկցիաներից,  իրականացնում է նաև ռևիզիայի ֆունկցիա,  այսինքն`  մահակային սիստեմով  բոլոր դատավորներին ստիպում է  ընդունել այն որոշումները, որոնք իրենց նախադեպին չեն հակասում»,-  նշեց Արթուր Գրիգորյանը։  Վերջինս նաև ասաց, որ  իրենց հաջորդ  քայլը լինելու է  վճռաբեկ  դատարան դիմելը. «Եթե վճռաբեկ դատարանի կողմից լինի որոշում վերադարձնելու մասին,  ապա «Սիվիլիթաս» հիմնադրամի  տնօրենի  և այլ շահագրգիռ  ատյանների  հետ կքննարկենք այս փուլում  հարցը  միջազգային  ատյաններ  ներկայացնելու հարցը»։  Արթուր Գրիգորյանը հավելեց, որ,  հավանաբար,  փոխհատուցումը  պետք է լինի  բարոյական, քանի որ  «Սիվիլիթաս»  հիմնադրամի  բարի համբավն  այս ամենի հետևանքով տուժել է։ «Սիվիլիթաս»  հիմնադրամի   ներկայացուցիչը չբացառեց, որ  կայացված որոշմանը կարող է հաջորդել  Վարդան  Օսկանյանին  անձեռնմխելիությունից  զրկելու գործընթացը. «Բազմիցս արծարծվել է այն հարցը, որ  դատավարությունը կրում է  քաղաքական  հետապնդման  տարրեր,  և գնալով ինձ մոտ այս համոզմունքն ամրապնդվում է»։  Նշենք, որ  վճռի հրապարակմանը  չէր ներկայացել «Սիվիլիթաս»  հիմնադրամի    տնօրեն  Սալբի Ղազարյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ։

 

Տեսանյութեր

Լրահոս