
Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանում ամենաճանաչված հայտնիներից են

Ռուսական «Forbes» ամսագիրը կազմել է Ռուսաստանում 2012-ի գլխավոր հայտնիների աղյուսակը: Այն կազմելիս ամսագիրը հաշվի է առել տվյալ անձնավորության մասին տպագիր մամուլում հրապարակումների քանակը, ինչպես նաև yandex որոնողական համակարգում նրանց որոնումների քանակը:
Ըստ նշված չափանիշների`աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է 43-ամյա փոփ երգիչ Ստաս Միխայլովը: Վերջինիս տպագիր մամուլում անդրադարձել են 478 անգամ, իսկ yandex -ում նրա մասին տեղեկություններ որոնել են 1218 միլիոն անգամ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է թենիսիստ Մարիա Շարապովան, երրորդը` Ալլա Պուգաչովան, չորրորդը` Ֆիլիպ Կիրկորովը, հինգերորդը` հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը:
«Forbes»-ի կազմած աղյուսակում ընդգրկվել են նաև հայազգի երկու ներկայացուցիչներ: Աղյուսակի 35-րդ հորիզոնականը զբաղեցրել է 32-ամյա հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Վերջինիս եկամուտը տարվա ընթացքում կազմել է $2,7 մլն: Հայտնիների աղյուսակի 41-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից, 38-ամյա հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է $2,8 մլն: