«Տո սկզբից քեզ պիտի աղոթենք, մի քիչ դարձի գաս, հայ քրիստոնյա դառնաս».Սերգո Կարապետյան
ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումից հետո ինքնատիրապետումը կորցրել է և Henaran.am-ի թղթակցի ձեռքից ուղղակի խլել է ձայնագրիչը:
Ըստ henaran.am-ի` ամեն ինչ սկսվել է նրանից, որ նախարարին լրագրողը խնդրել է կարճ գնահատական տալ այս գյուղատնտեսական տարվան: «Ես դրական կարող եմ գնահատել, իհարկե, դրականի կողքին մենք դեռ շատ հարցեր ունենք, որոնք դեռևս լուծված չեն և որոնք իրենց լուծումներն են պահանջում, և մենք այդ հարցերին ժամանակի ընթացքում սկսելու ենք լուծումներ տալ»,- իր ղեկավարած ոլորտին այս գնահատականն է տվել Սերգո Կարապետյանը:
Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ոլորտում դրական զարգացումներն իր արդյունավետ աշխատանքի՞, թե Աստծո բարեհաճության շնորհիվ են արձանագրվել, Սերգո Կարապետյանի նյարդերը տեղի են տվել. «Ոչ, աղջիկ ջան, անջատի մի հատ հեռախոսդ (նկատի ունի ձայնագրիչը)»,- գոռացել է Ս. Կարապետյանն ու լրագրողի ձեռքից վերցրել է ձայնագրիչը:
«Նախարարին հիշեցրինք, որ իր պաշտոնավարման սկզբնական շրջանում անձամբ էր հորդորում ապավինել Աստծուն, աղոթել բարենպաստ բնակլիմայական պայմանների համար և նախաձեռնում օրհնել արտերը: Մեր հիշեցումից հետո արդեն ցայտնոտի մեջ հայտնված Սերգո Կարապետյանը ոչ ավել, ոչ պակաս բացականչեց. «Տո սկզբից քեզ պիտի աղոթենք, մի քիչ դարձի գաս, հայ քրիստոնյա դառնաս»»,- գրում է henaran.am-ը: