Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում իրանական հրթիռների առաջին թիրախը լինելու է Բաքուն
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով Իրանի նկատմամբ պատերազմ սկսելու հնարավորության մասին, նշեց, որ Իրանի հետ կապված՝ ավելի շուտ գործ ունենք պատերազմական հռետորաբանության, քան բուն պատերազմի վտանգի առկայության հետ, և Մերձավոր Արևելքի որևէ պետության, այդ թվում՝ նաև Իսրայելին, այդ պատերազմը ձեռնտու չէ: «Իհարկե, պատերազմական հռետորաբանությունն, ի վերջո, հնարավոր է, որ հանգեցնի պատերազմի, բայց ամենևին պարտադիր չէ, որ այդպես լինի»,- ասաց նա:
Դիտարկելով Իրանի շուրջ զարգացումների` հարավկովկասյան տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունը` Վ.Ոսկանյանն ասաց, որ պատերազմական սցենարի դեպքում` Իրանի դեմ պատերազմական գործողությունների համար որպես ամենակարևոր պլացդարմներից մեկը՝ Արևմուտքը և Իսրայելը դիտարկում են Ադրբեջանին, իսկ զարգացումների նման ընթացքի պարագայում իրանական հարվածն Ադրբեջանի Հանրապետությանն այնքան հուժկու կլինի, որ Ադրբեջանը չի էլ կարողանա մտածել Ղարաբաղում պատերազմ սկսելու մասին: «Հիմա էլ Արևմուտքն Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի նկատմամբ լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով և նաև՝ Իրանի դեմ քարոզչական ճակատում: Որևէ մեկը չի կասկածում, որ եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իրանի դեմ պատերազմի նպատակով, ապա իրանական հրթիռների առաջին թիրախներից մեկը լինելու են Բաքվում արևմտյան ընկերությունների նավթային համապատասխան ենթակառուցվածքները»,- ասաց Վ.Ոսկանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: