Բաժիններ՝

«Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում». Գագիկ Գինոսյան

«Իրական ազգային մշակույթն ընդհատակում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Հարցին, թե՝ ինչպիսի՞ն է այսօր հայկական երգն ու պարը սերունդներին փոխանցող հայ արվեստագետի մասնագիտական որակը, Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Ներկայիս «մտավորականները» մի քանի նոտա իրար կպցնելով՝ կարծում են, որ իրենք տաղանդավոր մարդիկ են: Իրենք ստեղծագործում են ոչ թե իրենց հոգու պահանջի համար, այլ փառք ձեռք բերելու: Փառքը պետք է ստվերի նման քեզ հետևի, ոչ թե դու վազես նրա հետևից»:

Հարցին` չե՞ք կարծում, որ լավագույն մտավորականները երկիրը 1990-ականներին լքեցին, Գ. Գինոսյանը պատասխանեց. «Երբ մտավորականն առաջին բարդությունից հեռանում է, նրան պետք էլ չէ հետ կանչել:  Սակայն կան մարդիկ, իսկապես մտավորականներ, ովքեր ցավից կամ ստիպված այլ պատճառներից հեռացել են: Նրանք ամեն օր, օտարի հողում՝ կարոտով լի, ստեղծագործում են հայրենիքի մասին, հայրենիքի համար: Ցավոք, հեռացած մարդկանցից շատ քչերն  են այդպիսին: Պետք է նրանց վերադարձնել, ովքեր այդպիսին են: Մարգարիտները միշտ էլ հատակում են: Իրական արժեք հասկացողը միշտ էլ փորձում է գտնել մարգարիտներին, իսկ փրփուրը կարող է ամեն մի քամուց ցրվել»:  Ըստ Գագիկ Գինոսյանի՝ հիմա մենք ունենք երկշերտ մշակույթ: Իրական ազգային մշակույթը ոչ թե չկա՝ այն ընդհատակում է: «Այսօր կան մարդիկ, ովքեր իրենց ինչ-որ տեղ զոհաբերելու միջոցով փորձում են որևէ բան փոխել, բայց կան նաև այնպիսիները, ովքեր` վերնահարկում լինելով, մշակույթն անգամ չեն ընկալում: Ցավալի է, որ կառավարական համերգներին էլ կա նման բա: Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում, իսկ կառավարությունը ոչ միայն լսում է դա, այլ նաև ծափահարում է»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

 

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս