«Շանթը» խաբո՞ւմ է հանդիսատեսին
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգին հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Ծրագրից հետո ամբողջ համացանցը բուռն քննարկում էր, ըստ հանդիսատեսի, «անարդար» ընտրությունը:
Նշենք, որ կենդանի եթերի փոխարեն՝ եթեր էր հեռարձակվել նույն օրը կեսօրին տեսագրված հաղորդումը. այն հեռարձակվել էր տեխնիկական մշակումից հետո: Համացանցում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մավր Մկրտչյանն առավել արժանի էր լինելու «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող, քանի որ նրա ձայնային տվյալներն առավել լավն էին: Օգտատերերից մեկի հավաստմամբ` Պետրոս Պետրոսյանի ելույթի վրա առավել մեծ աշխատանք են տարել Արտեմ Խաչատուրն ու Մխիթար Քեցյանը: Ավելին, ըստ նրանց` Պետրոսի համար ընտրվել են առավել հայտնի ստեղծագործություններ ու, թեպետ նրա «ձայնի վրա» մասնագետներն առավել շատ աշխատանք էին տարել, բայց ակնհայտ երևում էր, որ նա հաճախ ֆալշ էր երգում, ինչը, սակայն, ժյուրին անտեսել է:
Մավր Մկրտչյանի օգտին քվեարկող շուրջ 200 երկրպագու մրցույթից հետո հավաքվել է «Շանթ» հեռուստաընկերության դիմաց և բողոքել կատարված անարդարության դեմ: Նրանք վանկարկել են` «ա-մո՛թ Շանթ», «ա-մո՛թ Մրո» բառերը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրել էր,թե Պետրոս Պետրոսյանը օդանավակայանի տնօրենի փեսան է, ով աշխատանքից հեռացրել է իր աշխատակիցներին միայն նրա համար, որ Մավրի օգտին են քվեարկել: Ըստ նրա, յուրաքանչյուր գալա համերգից հետո օդանավակայանի տնօրենն արկղերով լիցքավորման քարտեր է բերել աշխատավայր և բաժանել աշխատակիցներին՝ Պետրոսի օգտին քվեարկելու համար:
Հանդիսատեսը դժգոհ էր նաև ժյուրիից: Ըստ օգտատերերի, ժյուրին չպետք է կողմնապահություն աներ, ինչն, ըստ նրանց` ակնհայտ երևում էր: Միաժամանակ նրանք նշում են, թե ժյուրիի անդամներ Ալլա Լևոնյանն ու Ֆլորա Մարտիրոսյանը դժգոհ են եղել ընտրության արդյունքներից, ինչը նույնպես ակնհայտ երևում էր եթերից:
Մավր Մկրտչյանի եղբայրը` Ղևոնդ Մկրտչյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այն, ինչ համացանցում դեռ երեկ գիշերվանից քննարկվում է` ճշմարտություն է:
168.am-ը զրուցեց «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ Արսեն Գրիգորյանի հետ (Մրո): Հարցին, թե ժյուրիի կողմից կողմնապահություն եղե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ինչի՞ց ելնելով են մարդիկ ասում, որ ժյուրին կողմնապահ էր: Մեղադրելուց առաջ նախ՝ պետք է իմանալ` ինչն ինչոց է: Մենք 1000-ից ավելի մասնակցից եզրափակիչ փուլ ենք անցկացրել 14-ին: Ի տարբերություն նախորդ «Ժողովրդական երգիչ» նախագծերի` այս մեկի ընթացքում մեր ձայնն անգամ հաշվի չի առնվել: Մենք ասել ենք ընդամենը մեր կարծիքն այս կամ այն կատարողի ելույթի մասին»: