
Երևանում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ– 3» միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ–3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպեց Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնակնաններ:
Երիտասարդ գիտնականների մասնագիտական հետաքրքրությունները խթանելու և մոլեկուլային կենսաբանության արդի հաջողություններին նրանց ծանոթացնելու նպատակով հանրահայտ արտերկրյա գիտական կենտրոններից, ինչպիսիք են Տորոնտոյի համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանը և Չիկագոյի համալսարանը, հրավիրվել են առաջատար գիտնականներ՝ հանդես գալու պլենար զեկույցներով:
Ներկայացված զեկույցների արդյունքների հիման վրա տեղի կունենա մրցանակաբաշխություն: Կշնորհվեն երեք մրցանակ՝ 1. գիտությունների թեկնածուի լավագույն զեկույց, 2. մագիստրոսի և/կամ ասպիրանտի լավագույն զեկույց, 3. ստենդային լավագույն աշխատանք անվանակարգերում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 11.00-12.00:
Գիտաժողովի շրջանակներում սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-ին տեղի կունենա նաև կլոր սեղան` “Գիտակրթական խնդիրներ` գիտություն և հասարակություն” թեմայով:
Նշենք, որ գիտաժողովին աջակցել են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (NFSAT), Գիտության զարգացման հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ-ն: