Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսները հասանելի են Հայաստանի գիտական հանրությանը

Հայաստանի գիտական հանրության համար այսուհետ հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք ռեսուրսներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  բաժինը: Ըստ որի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Thomson Reuters-ի հետ բանակցությունների արդյունքում պատրաստվել է պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստանի համար նպաստավոր պայմաններով, հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են օգտվել համակարգից 3 տարի ժամկետով:

Web of Knowledge-ի ռեսուրսները  հնարավորություն կտան արագորեն գտնել, վերլուծել ճշգրիտ և հասարակական գիտությունները, ինչպես նաև արվեստի և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն ստանալ: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումներ: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաև մեջբերվող հղումների որոնման և վերլուծման հզոր գործիքները:

Հիշեցնենք, որ համակարգի ռեսուրսները Հայաստանում ժամանակավոր հասանելի  էին 2012 թ. փետրվար-հունիս ամիսներին, ինչից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն Thomson Reuters-ի հետ բանակցում էր համագործակցության պայմանների շուրջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս