«Էրեբունի» թանգարանում՝ սեմինարներ դպրոցականների համար

2012թ. սեպտեմբերի 25-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» և «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երևանի Արաբկիր համայնքի Լև Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:

Միջին դպրոցական տարիքի 16 աշակերտներից ձևավորված դասարանին ողջունեց արգելոց-թանգարանի տնօրեն, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Կարևորելով դպրոցական կրթությունը վաղվա քաղաքացու ձևավորման գործում` նա մասնավորապես շեշտեց ժառանգության ճանաչման և պահպանության նշանակությունը հայրենիքի բարձր վարկանիշ ունենալու գործում:

«Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը, որը վարում էր ԵՃՇՀ դասախոս, ճարտարապետ Նունե Չիլինգարյանը, ընդհանուր հասկացություններից բացի դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ տերմինների և օրենքների մասին բացատրություններ ու օրինակներ` պատկերային նյութի ցուցադրմամբ: Դպրոցականների հետաքրքրությունը մեծ էր հատկապես համաշխարհային ժառանգության նկատմամբ: Աշակերտների բազմաթիվ հարցեր վերաբերում էին նաև ոչ-նյութական ժառանգությանը և այն պահպանելու միջոցներին. ինչպե՞ս չկորցնել լավաշի պատրաստման կամ խաչքարի կերտման ավանդույթը, որտե՞ղ են հավաքվում մեր ժողովրդական ասույթները, ինչպե՞ս է ընտրվում եկեղեցի կառուցելու վայրը …

Երկրորդ թեմատիկ սեմինարը ամբողջապես նվիրված էր Էրեբունի ամրոցի պատմությանն ու պահպանությանը: Համառոտ դասընթացն ունկնդրելուց հետո սեմինարի մասնակիցները արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանի հետ ծանոթացել են հիմնական ցուցադրությանը և շրջել ամրոցի միջնաբերդում:

Կարդացեք նաև

Սեմինարի ավարտին նրանք լրացրել են հարցաշար` փորձելով գնահատել սեմինարի բովանդակությունն ու կազմակերպման ձևը:

Երկու սեմինարների նյութը DVD կրիչով բաժանվել է բոլոր մասնակիցներին: Թեմատիկ սեմինարիների 2-րդ դասը կկայանա 2012թ. սեպտեմբերի 27-ին` գեղարվեստական կրթություն ստացող դպրոցականների մասնակցությամբ:

Սեմինարները նախապատրաստվել են Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում («Architectura I Prestizh», գործընկեր):

Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Տեսանյութեր

Լրահոս