Ակցիա` ընդդեմ ՎՏԲ-ի (լուսանկարներ)
Քիչ առաջ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա էր կազմակերպել Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բակում: Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի փոխանցմամբ` ակցիայի նպատակը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացնելն է, որպեսզի վերջինս չֆինանսավորի ՎՏԲ բանկին, քանի որ հենց այդ բանկն է ֆինանսավորում Թեղուտի ծրագիրը:
«Մեր բոյկոտն այն է, որ իրենց հասցնենք այդ ինֆորմացիան, քանի որ նրանք չգիտեն այդ ծրագրի մասին: Մեր նպատակն այն է, որ այդ բնապահպանական կառույցին հասցնենք մեր նամակը»,- նշեց Ե. Ներսիսյանը: Նրա խոսքով` ակցիայի կազմակերպման պահին հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցում էին միջոցառման:
«Մեր` «Թեղուտի» հանձնաժողովի էրեխեքից մեկը ներսում է, և մանսակցում է այդ միջոցառմանը, և նա ասում է, որ նրանք ընդհանրապես տեղյակ չէին ՎՏԲ-ի գործունեության մասին: Հիմա երբ իմանան, հուսով եմ` կկանխեն և ֆինանս չեն տա այդ բանկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ե. Ներսիսյանը:
«Մենք անում ենք այն, ինչ մեզնից հասնում է: ՎՏԲ-ն ֆինանսավորում է Թեղուտի ծրագիրը, վարկ է տրամադրել, որպեսզի ACP-ն այդտեղ մոլիբեդն կամ պղինձ արտահանի կամ հանքը շահագործի, հիմա երևի կան համաշխարհային պրոցեսներ, որ այս կամ այն բանկը հավատարմագրված է լինում` որպես բնապահպանական պատասխանատու ծրագիր իրականացնող բանկ, այս պահի դրությամբ`ՎՏԲ-ն չունի նման ակրիդիտացիա, որը տրվում է հայտնի կազմակերպության կողմից: Նրանք պատրաստվում են ՎՏԲ-ին տալ այդ հավաստագիրը, մենք էլ, ներկայացնելով մեր արգումենտները, ցույց ենք տալիս, որ ՎՏԲ-ն բնապահպանական իմաստով անպատասխանատու է գտնվել` ֆինանսավորելով Թեղուտի հանքի շահագործման ծրագիրը: Սա է այս ակիցայի իմաստը»,- նշեց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
168.am-ը փորձեց որոշ տեղեկություններ ստանալ նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, սակայն հյուրանոցի աշխատակիցները մեզ թույլ չտվեցին ներս մտնել`ասելով, որ տվյալ միջոցառմանը մասնակցելու համար պետք էր նախապես ցուցակագրվել:
Հիշեցնենք, որ այս հիմնադրամը դեռևս երկու տարի առաջ մոտ 10 մլն դոլար դրամաշնորհ էր տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի օգտագործումը բավական «ճոխ» թվանկարչությամբ ներկայացրել էին` կենսաբազմազանության ապահովում, հողերի անապատացման դեմ պայքար և այլն…
Ընդ որում` այդ նույն ժամանակ, երբ տվյալ հիմնադրամի նախագահ Մոնիկ Բարբուտն ու ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը համատեղ ասուլիս էին հրավիրել, մենք հետաքրքրվեցին տիկին Բարբուտից, թե դրամաշնորհի տրամադրելուց հետո արդյո՞ք վերահսկողական մեխանիզմներ կիրառում են: Այս հարցը, սակայն առկախ մնաց, քանի որ Ա. Հարությունյանն այն կանխեց` մեզ ասելով. «Ոնց որ շատ եք հուզված»…