
Առաջին անգամ ԱՄՆ բուհերից մեկի ղեկավար է նշանակվել հայուհի

Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի (նախագահի) երդմնակալության արարողությունը: Ինչպես հայտնում է Courant-ը, այս հաստատության 11-րդ և ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է դարձել Մարի Ա. Փափազյանը:
Նոր նշանակումը կնշվի ուսումնական հաստատության հարկի տակ անցկացվելիք հայ արվեստի ցուցահանդեսով, որի համադրողն է ամերիկահայ հայտնի հավաքորդ և մեկենաս Վիկի Շողակ Հովհաննիսյանը: Կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ ու քանդակներ:
Մարի Փափազյանը գիտությունների թեկնածու է, անգլիական գրականության մասնագետ: Նախքան այս պաշտոնը ստանձնելը, նա եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակ է: