«Գագիկ Ծառուկյանի պարագան կլինի 2008թ. Արթուր Բաղդասարյանի կրկնությունը»
Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել էր իր կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, թե հասարակությունը նախագահական ընտրություններում ում է տեսնում՝ որպես ընդդիմադիր միասնական թեկնածու:
Հարցվածների 32.4 տոկոսը ցանկալի թեկնածու է համարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7 տոկոսը՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, 3.4 տոկոսը` դաշնակցական Վահան Հովհաննիսյանին, իսկ 2.5 տոկոսը` դաշնակցական Արմեն Ռուստամյանին:
«Ամենաանցանկալին Լևոն Տեր-Պետրոսյանն է, ունի բավականին բացասական աուրա և իմիջ: Նրա` ոչ միայն միասնական, այլև ՀԱԿ-ի կողմից առաջադրվելը, կնշանակի՝ շատ դառը պարտություն»,- այսօր ասել է Ա. Ադիբեկյանը:
Ի պատասխան Ադիբեկյանի վերոնշյալ հայտարարություններին, ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Բայց Ադիբեկյանը «հայտնի» դեմք է այդ ոլորտում, նրա սոցհարցումները (նա հիմնական պատվերը ստանում է իշխանական համակարգից) իր էությանը լրիվ համապատասխանում են: Այսինքն` դա մյուս կողմից՝ նշանակում է, որ իշխանությունների համար ամենաանցանկալի միասնական ընդդիմադիր թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ադիբեկյանի ասելով` դա՛ կարելի է հասկանալ»:
Հարցին, թե Ա. Ադիբեկյանը կատարել և կատարում է իշխանության պատվե՞րը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Դա ակնհայտ է, դա նորություն չէ: Կարծեմ, Տիգրան Կարապետիչն էր ազգանուն կպցրել`Սուտիբեկյան էր ասում, թե ինչ, բայց այդ Սուտիբեկյանը շատ լավ պատվեր էր կատարում իշխանությունների կողմից: Մինչև հիմա նա ուրիշ պատվեր չի կատարում: Մի պահ նրան փոխեցին Պողոսյանով, բայց երևի Պողոսյանը լավ չի կատարել իշխանության խմբի հրահանգները, թվանկարչությունը, դրա համար նորից Ադիբեկյանն ակտիվացել է»:
Համաձայն Ա. Ադիբեկյանի անցկացրած հարցումների` առաջին և երկրորդ հորիզոնականներում են գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է` առաջիկա նախագահական ընտրություններում` որպես ընդդիմության միասնական թեկնածու, հանդես գա Գ. Ծառուկյանը. Պ. Մակեյանը պատասխանեց. «Ձեր ասած թվերը, որ ասացիք` Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, հստակ երևում է, որ իմ ասածն ամրապնդվում է, որ դա իշխանական պատվեր է: Իշխանության համար ամենահարմար թեկնածուն էս ընտրությանը նորից Բաղդասարյան Արթուրիկ խաղացնելու… Էդ թվարկած ընկերները, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն անցանկալի է, որովհետև նա իշխանական այս վարչախմբի համար մահ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար դեմ դուրս գան, հնարավոր չէ, իսկ Գագիկ Ծառուկյանի պարագան կլինի 2008թ. Արթուր Բաղդասարյանի կրկնությունը, դրա համար էլ Ադիբեկյանը կրկնել է այն, ինչ ասացի»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի