ՏՄՊՊՀ-ն տուգանեց մանկապարտեզների մատակարարներին

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն (ՏՄՊՊՀ) հրապարակեց մանկապարտեզներում պետական գնումների շրջանակներում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում ՏՄՊՊՀ իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ստուգումներ են իրականացվել ՀՀ 575 մանկապարտեզներում, և բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոների խախտումներ, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր:

Բացահայտված մի շարք դեպքերում տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են պայմանագրեր կարագի մատակարարման վերաբերյալ, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ` սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական, թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին:

Նիստին ներկա գրեթե բոլոր տնտեսվարողների ներկայացուցիչները փորձում են մանկամիտ պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու են խաբել երեխաներին ու պետությանը: Օրինակ՝ «մենք չգիտենք` սփրեդն ինչ է», «որ սփրեդ գրեի, ինչ էր փոխվելու», «սովետական դպրոց եմ անցել, «սփրեդ» բառը չեմ անցել», «այդքան էժան կարագ չկա», «կարագ ենք գրել, որ մենք կողմնորոշվենք», «հետո ինչ, որ հաշիվ-ապրանքագրում սփրեդ են գրում, տեսքից կարագ է» և այլն:

Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության կողմից երեխաների սննդի համար տրամադրված գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ` սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպեղ և այլն: Ընդ որում` որոշ դեպքերում մանկապարտեզների տնօրենները տեղյակ են եղել և մասնակցել են այս խարդախություններին:

Կարդացեք նաև

Ըստ այդմ` 11 ՍՊԸ-ների և 16 անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կկիրառվի անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:

«Սա ապօրինություն է, անօրինություն, քանի որ առնչվում է երեխաներին և պետական միջոցներին»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` հավելելով, որ սա նաև մրցակցության խնդիր է, քանի որ անբարեխիղճ տնտեսվարողները իրենց այս գործունեությամբ խոչընդոտում են բարեխիղճների մուտքը շուկա:

Նյութերը կուղարկվեն գլխավոր դատախազություն և հարկային մարմիններին:

Տեսանյութեր

Լրահոս